«Եղեգնուհին», հայ գրող Ղազարոս Աղայանի հայտնի հեքիաթներից, որը գրվել է 1889 թվականին[1]։

Եղեգնուհին
Տեսակհեքիաթ
ՀեղինակՂազարոս Աղայան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1889 թվական
Կերպարներթագավոր, թագավորի որդի, թագավորի կին, եղեգնուհի, խափշիկ, պառավ, նաժիշտներ
ՎիքիդարանԵղեգնուհին

Սյուժե խմբագրել

Մի թագավոր մինուճար որդի է ունենում։ Այս թագավորն ուզում է որդուն ամուսնացնել, բայց որդին ասում է, որ միտք չունի ամուսնանալու, իսկ եթե ուզելու էլ լինի, պետք է այնպիսի աղջիկ ուզի, որ հոր ու մոր ծնունդ չլինի։ Ամեն անգամ, երբ թագավորը խոսում է որդու ամնուսնանալուց, որդին նույն բանն է ասում։ Թագավորն էլ սկսում է որդու ցանկությամբ մի աղջիկ փնտրել։ Եվ աշխարհից աշխարհ ման է գալիս, բայց անօգուտ։ Վերադառնալիս՝ անտառի մոտ հանդիպում է մի ծերունու։ Վերջինիս պատմում է՝ ինչ է փնտրում։ Ծերունին ասում է, որ պետք չէ հեռու գնալ, որովհետև քաղաքի մոտ մի մեծ գետ կա, որի կողքին էլ մի եղեգնուտ։ Այդտեղ մարդ երբևիցե չի եղել և սուրբ է համարվում։ Ասում է, որ եղեգներից մեկը կտրի և մցնի ջուրը, իսկույն կդառնա աղջիկ։ Թագավորն այդպես էլ անում է, բայց աղջիկն ամաչում է դուրս գալ ջրից, քանի որ մերկ էր։ Թագավորը գնում է հագուստ բերելու և աղջկան ասում, որ այսուհետ իր հարսն է լինելու։ Անունն էլ դնում է Եղեգնուհի՝ եղեգն աղջիկ։ Երբ թագավորը հեռանում է այդտեղից, ջրին է մոտենում մի սևադեմ բոշա և, նկատելով գեղեցկուհուն, հարցնում նրա ով լինելը։ Իմանալով ամեն բան՝ ցանկանում է գրավել նրա տեղը և խեղդում է աղջկան։ Ինքն էլ մերկանում է և մտնում ջուրը։ Աղախինները գալիս և բոշային տանում են թագավորի ապարանք։ Տղան, տեսնելով, ետ է քաշվում, զզվում է սև բոշայից, իսկ թագավորն ասում է, որ դա իր տեսած աղջիկը չէ։ Բոշան նրանց ասում է, որ ինքը կգեղեցկանա, եթե իրեն պահեն ապակյա պալատում։ Այդպես էլ անում են, բայց օրեցօր ավելի է տգեղանում և գիրանում, իսկ թագավորի որդին մոտ էլ չէր գնում նրան։ Վերջինս որոշում է զբոսնել գետի մոտ։ Հանդիպում է մի քանի ձկնորսի և ասում, որ իր ուզած տեղից մի ձուկ բռնեն, և դա կլինի իրենը։ Ձկնորսները ոսկե ձկնիկ են բռնում և շատ զարմանում, բայց տալիս են տղային, քանի որ խոստացել էին։ Տղան սիրահարվում է ձկանը․ պարտեզում է պահում և կողքից անգամ չի հեռանում։ Բոշան հասկանում է, որ այդ ձուկը Եղեգնուհին է։ Բոլորին հավատացնում է, որ ինքը կգեղեցկանա, եթե այդ ձուկը իր համար պատրաստեն, և նա ուտի։ Հավատում և այդպես էլ անում են։ Ձկան մնացորորդներն էլ աղախիններին է տալիս, որ ուտեն։ Մի կտոր փուշ աղբի հետ պարտեզ է ընկնում, և մի գեղեցիկ ծառ է աճում։ Տղան այս անգամ էլ սիրահարվում է ծառին։ Նենգ բոշան, հասկանալով այդ ամենը, այրում է ծառը, բայց մի կտոր տաշեղ թռչում է, մի պառավ կնոջ տուն ընկնում և դառնում առաջվա գեղեցկուհին։ Գեղեցկուհին սկսում է կարով զբաղվել, և այդ համբավը հասնում է մինչև թագավորի ապարանք։ Թագավորի որդու պատվերներն էլ է կարում։ Տղան զարմանում է․ կարծես թել ու ասեղ չէին դիպել այդ կտորին։ Պառավին ասում է, որ ուզում է տեսնել աղջկան, բայց պառավը պետք է աղջկանից թույլտվություն ստանար։ Աղջիկը համաձայնվում է, ասելով, որ պետք է ծնողների և հարսնացուի հետ թագավորը գա, իսկ ինքը պատրաստություն կտեսնի։ Այդպես էլ անում են։ Հյուրերը գալիս են և մնում զարմացած նրա գեղեցկությունից, շարժ ու ձևից։ Թագավորը ճանաչում է Եղեգնուհուն, իսկ սևավոր բոշան ավելի շուտ էր ճանաչել և սևավորվել։ Աղջիկը ցանկություն է հայտնում մի հեքիաթ պատմելու, հյուրերը մեծ սիրով համաձայնվում են։ Աղջիկկը մի ճյուղի վրա հում կաքավ է դնում և ասում, որ եթե իր պատմածը ստույգ լինի, ապա այս կաքավը անկրակ կխորովվի։ Աղջիկը պատմում է այն պատմությունը, որը տեղի էր ունեցել այս ընթացքում։ Կաքավն սկսում է խորովվել, և բոլորն ամեն բան հասկանում են։ Եղեգնուհուն տանում են պալատ և յոթ օր, յոթ գիշեր հարսանիք են անում, իսկ սևավոր բոշային կապում են ձիու պոչից և քարեքար տալով՝ սպանում[2]։

Կերպարներ խմբագրել

  • թագավոր
  • թագավորի որդի
  • թագավորի կին
  • եղեգնուհի-թագավորի հարսը
  • խափշիկ-սևավոր բոշա
  • պառավ
  • նաժիշտներ

Ղազարոս Աղայանի հեքիաթները խմբագրել

 
Ղազարոս Աղայան

Ղազարոս Ադայանի դերը մեծ է հեքիաթի ասպարեզում։Հայ գրականության մեջ հեքիաթի ժանրի հիմնադիրն է, նրա մշակման խոշոր վարպետներից մեկը։ Ըստ Աղայանի ըմբռնման՝

  Հեքիաթական աշխարհը իրական աշխարհի ամենաճշմարիտ պատկերն է։ Իրական աշխարհի դևերը, վիշապները.․․․ ավելի ևս սարսափելի են, որովհետև դրանք մեծ մասամբ մնում են անընկճելի, մինչդեռ հեքիաթներինը ընկճվում և ոչնչացվում են։
- Ղազարոս Աղայան
 

Աղայանի հեքիաթները կարծես դրսևորում թե՜ դաստիարակչական նպատակադրումը, թե՜ ապագայի նկատմամբ ունեցած լուսավոր հավատը։ Նրա հեքիաթներում, իրական կյանքի այլաբանական պատկերներից բացի, մեծ տեղ ունեն հրաշապատում տարրերը, չափազանցությունը։ Հատկապես չարի ու բարու պայքարը ներկայացնող հրաշապատում հեքիաթներում հերոսները պայքարում են մարդկության երևակայական, անիրական թշնամիների դեմ։ Վաղուց արժանի ճանաչում են վայելում նրա չքնաղ հեքիաթները[3]։

Աղայանը՝ հեքիաթների մասին խմբագրել

  Իմ նպատակն է եղել և է՝ հեքիաթով հեքիաթական աշխարհը մտցնել երեխային և այդ աշխարհում կրավորական դեր չտալ դրան, այլ ներգործական, որ երեխան իր երևակայությամբ մտնե հերոսի դերի մեջ, այն անե, ինչ որ հերոսն է անում, նրա պես քաջասիրտ լինի, նրա պես անվեհեր, նրա պես հնարագետ, նրա պես վեհանձն և ազնիվ։
- Ղազարոս Աղայան
 
  Ցանկալի է, որ մեր նոր սերունդը ամուր նյարդեր ունենար և ոչ թույլ, դյուրագրգիռ, իստերիքական և ախտավոր, ինչպիսիք երևում էն մեր ժամանկում։
- Ղազարոս Աղայան
 
  Իմ աչքում հեքիաթը բարոյական ու մտավոր զարգացման համար շատ և շատ նման է մայրական կաթին։
- Ղազարոս Աղայան
 
  Մարդուս հանճարի և տաղանդի սաղմերը պետք է նրա լսած հեքիաթներումը փնտրել։
- Ղազարոս Աղայան
 

Այլ կիրառումներ խմբագրել

Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա հայկական տարբեր թատրոններում բեմադրվել են մանկական ներկայացումներ, մյուզիքլներ[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Եղեգնուհին
  2. Աղայան, Ղազարոս (1979). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջեր 522–529.
  3. Աղայան, Ղազարոս (1980). Կյանքը և ստեղծագործությունը. Երևան: Լույս. էջեր 8–9.
  4. Եղեգնուհի

Արտաքին հղումներ խմբագրել