ԵՊՀ բուսաբանության և սնկաբանության ամբիոն

Երևանի պետական համալսարանը, իր 100-ամյա պատմության ընթացքում, ենթարկվել է բազմաթիվ կառուցվածքային փոփոխությունների։ Իր կայունությամբ աչքի է ընկել այժմյան բուսաբանության և սնկաբանության ամբիոնը, որը նախկինում անվանվել է բույսերի մորֆոլոգիայի և կարգաբանության, բարձրակարգ բույսերի և բուսաբանության ամբիոն։

Ստեղծվելով համալսարանի գործունեության առաջին տարիներին, ամբիոնը հիմք է հանդիսացել կենսաբանական գիտությունների բազմաթիվ ուղղությունների զարգացման համար ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ հանրապետությունում։

1923 թվականին ձևավորվեց բուսաբանության ամբիոնը, որը ֆակուլտետում ինքնուրույն, կոնկրետ ուղղվածությամբ առաջին ամբիոններից մեկն էր։ Ամբիոնի վարիչ նշանակվեց Հովակիմ Լազարի Բեդելյանը։ Պրոֆեսոր Հ.Լ. Բեդելյանը կրթություն էր ստացել Պետերբուրգի համալսարանում, Պետրովսկի-Ռազումովսկու (ներկայումս Տիմիրյազևի) գյուղատնտեսական ակադեմիայում։ Հետագայում մասնագիտացվել է Մյունխենի, Փարիզի, Բեռլինի, Կոպենհագենի համալսարաններում՝ հանրահայտ պրոֆեսոր-բուսաբանների մոտ։

1927 թվականին ուսումնական ծրագրերի խորացման և ընդլայման նպատակով, բուսաբանության ամբիոնը բաժանվում է 2 ամբիոնների՝ բույսերի մորֆոլոգիայի և սիստեմատիկայի, որի վարիչը Նիկոլայ Ալեքսանդրի Տրոիցկին էր և բույսերի ֆիզիոլոգիայի և անատոմիայի ամբիոն, որը ղեկավարում էր պրոֆեսոր Հ.Լ. Բեդելյանը։

Ամբիոնում գիտական հետազոտությունների զարգացմանը նպաստել են 1931 թվականին ֆակուլտետում ստեղծված գիտահետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված աշխատանքները, որը գլխավորում էր Ն.Ա. Տրոիցկին։ Այդ տարիներին իրականացվել են ֆլորայի և բուսականության բազմակողմանի, լայնածավալ ուսումնասիրություններ։ Տրոիցկին կազմակերպում էր խոշոր գիտական արշավներ, որին մասնակցում էին տարբեր հաստատություններից հրավիրված բուսաբաններ և համալսարանի ուսանողներ։ Մասնակիցների թվում էին Ենոք Սեմյոնի Ղազարյանը, Հարություն Կարպի Մաղաքյանը, Ռոմելլա Միքայելի Հալաջյանը, Թամարա Գրիգորի Ծատուրյանը, Թամարա Պետրոսի Քոչարյանը, Աննա Բորիսի Հովհաննիսյանը և ուրիշներ։

1929-1945թթ-ին ամբիոնում աշխատել է Դոխիկ Ալեքսանդրի Չատրջյանը, սկզբում որպես ասիստենտ, գիտական լաբորատորիայի վարիչ, հետագայում՝ դոցենտ։ Ամբիոնի ասիստենտներ են եղել Թամարա Պետրոսի Քոչարյանը, Աննա Բորիսի Հովհաննիսյանը, Թամարա Գրիգորի Ծատուրյանը։

1932 թ-ին Ն.Ա. Տրոիցկին, Դ.Ա. Չատրջյանը և Թ.Պ. Քոչարյանը հայերեն լեզվով հրատարակեցին «Ընդհանուր բուսաբանություն» դասագիրքը, ինչպես նաև գունազարդ աղյուսակների ձևով դասագիրք-ձեռնարկ տեղական ֆլորայի առավել տարածված տեսակները որոշելու համար։

1936 թ-ին Ն.Ա. Տրոիցկին «Բույսերի աշխարհագրությունը» կարդալու համար ներգրավեց երիտասարդ, հեռանկարային բուսաբան, բուսաբանության ինստիտուտի հերբարիումի աշխատակից Արմեն Լեոնի Թախտաջյանին, ում ճանաչել էր ԵՊՀ-ում (1929-1930 ուս.տարի)։

Ա.Լ. Թախտաջյանը 1938 թվականի սեպտեմբերից գլխավորեց բույսերի մորֆոլոգիայի և կարգաբանության ամբիոնը։ Ա.Լ. Թախտաջյանը շատ ժամանակ էր տրամադրում Անդրկովկասի բուսաբանության ուսումնասիրմանը։ Նա առաջին անգամ հաստատել է Անդրկովկասի տոմիլյարները, որոնք բնորոշ են Միջերկրյածովյան շրջաններին։

Թախտաջյանի ղեկավարած տարիներին ամբիոնում դասավանդում էին պրոֆեսոր Պ.Դ. Յարոշենկոն, գիտության վաստակավոր գործիչ Ա.Գ. Արարատյանը,  Ա.Ա. Յացենկո-Խմելևսկին։

1941 թվականին Ա.Գ. Արարատյանը, Թ.Գ. Ծատուրյանը, Թ.Պ. Քոչարյանը հրատարակում են ռուս- հայերեն բուսաբանական տերմինների կրճատ բառարանը։

1946 թվականին Ա.Լ. Թախտաջյանը և Ան.Ա. Ֆեոդորովը հրատարակեցին առաջին երկհատորյա պատկերազարդ ուղեցույցը՝ «Երևանի ֆլորան»։

1949-1972թթ. բույսերի մորֆոլոգիայի և սիստեմատիկայի ամբիոնը ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ Դ.Ն. Տետերևնիկովա-Բաբայանը (Բաբայան)։ Ամբիոնում ստորակարգ բույսերի և հատկապես ֆիտոպաթոգեն սնկերի հետ կապված ուսումնասիրությունները ընդլայնվեցին նրա գործունեության շնորհիվ։

Սնկաբանության ասպարեզում ծավալուն գիտական գործունեության և բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում 1968թ-ին բուսաբանության ամբիոնից անջատվեց ստորակարգ բույսերի ամբիոնը, որը մինչև 1971թ. ղեկավարեց Դ.Ն. Բաբայանը։ 1971թվականից ամբիոնը ղեկավարեց պրոֆեսոր, այժմ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Լ. Օսիպյանը։

Բարձրակարգ բույսերի ամբիոնը 1968թ-ից ղեկավարեց դոցենտ Թամարա Գրիգորիի Ծատուրյանը։ Նրա աշխատանքը առաջինն էր Հայաստանում պալինոլոգիայի ասպարեզում և լայն արձագանք ստացավ հայրենական և արտասահմանյան գիտնականների շրջանում։

1973-77թթ. ամբիոնը գլխավորեց Ալեքսանդր Պավելի Մելիքյանը, ով երկար տարիներ (1977-2008թթ.) որպես պրոֆեսոր աշխատել է Մոսկվայի պետական համալսարանի բարձրակարգ բույսերի ամբիոնում։ 1975-1977թթ. Մելիքյանը համատեղեց ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի բարձրակարգ բույսերի և ագրոքիմիայի և հողագիտության ամբիոնների վարիչի պաշտոնը։

Բարձրակարգ և ստորակարգ բույսերի ամբիոններն ինքնուրույն գոյատևեցին 10 տարի, 1978թ. այդ երկու ամբիոնները միավորվեցին և դարձավ բուսաբանության ամբիոն, որը ղեկավարեց Լ.Լ. Օսիպյանը։

Այդ տարիներին ամբիոնի աշխատակիցները կատարեցին Հայաստանի տարբեր շրջանների սնկերի ցուցակագրում, որտեղ ընդգրկվեցին սնկերի կարգաբանական և էկոլոգիական խմբերը։ 60-ական թվականների վերջին զգալիորեն ընդլայնվեցին ուսումնասիրվող օբյեկտների շրջանակները, ինչը բերեց բացի ֆիտոտրոֆ (Դ.Ն. Բաբայան, Լ.Լ. Օսիպյան, Ջ.Հ. Մելիք-Խաչատրյան, Մ.Գ. Թասլախչյան, Ս.Գ. Նանագյուլյան, Ս.Գ. Բատիկյան, Ի.Ա. Մարտիրոսյան), նաև հողային (Ջ.Հ. Աբրահամյան, հետագայում Ի.Մ. Էլոյան), ջրային (Լ.Լ. Օսիպյան, Լ.Ա. Հակոբյան), գիշատիչ (Ա.Հ. Եսայան), կոպրոտրոֆ սնկերի (Մ.Գ. Թասլախչյան, Ս.Գ. Նանագյուլյան), դերմատոֆիտների (Լ.Լ. Օսիպյան), կենցաղային և արդյունաբերական տարածքների սնկերի (Ս.Գ. Բատիկյան, Հ.Գ. Բատիկյան), ալերգիկ հիվանդություններ առաջացնող սնկերի (Ա.Հ. Եսայան), բուսական և կենդանական ծագում ունեցող սննդարդյունաբերության (Լ.Լ. Օսիպյան, Հ.Գ. Բատիկյան, Կ.Մ. Գրիգորյան), դեղորայքակոսմետիկ միջոցների (Լ.Լ. Օսիպյան, Ա.Հ. Զաքարյան), արդյունաբերական նյութերի և դրանցից պատրաստված իրերի կոնտամինանտ-դեստրուկտորների (Ջ.Հ. Աբրահամյան) ուսումնասիրությունները։

2005 թ-ից մինչ այժմ ամբիոնի վարիչն է կ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գ. Նանագյուլյանը։