Երկընտրանք
Երկընտրանք (լատին․՝ δί-λημμα երկակի լեմմա), մտահանգում, որի նախադրյալները երկու պայմանական (իմպլիկատիվ) և մեկ բաժանարար (դիզյունկտիվ) դատողություն են․ ընդ որում, որպես բաժանարար դատողության անդամներ հանդես են գալիս պայմանական նախադրյալների հիմքերը՝ հաստատված ձևով, կամ հետևանքները՝ ժխտված ձևով (այսպիսի մտահանգումը անվանվում է նաև երկսայրաբանություն, դիլեմա)։ Առաջին դեպքում երկընտրանք կոչվում է կոնստրուկտիվ (հաստատող մոդուս), երկրորդ դեպքում՝ դեստրուկտիվ (ժխտող մոդուս), դրանք էլ, իրենց հերթին, լինում են պարզ և բարդ։ Պարզ կոնստրուկտիվ երկընտրանքն ունի հետևյալ կառուցվածքը՝ եթե А, ապա В, եթե С, ապա В, А կամ С, հետևաբար В (լատիներեն տառերը նշանակում են պարզ դատողություններ)։ Օրինակ, եթե օրվա ընթացքում մարմինները տաքանում են, ապա նրանց ծավալը փոփոխվում է, եթե սառչում են, ապա նրանց ծավալը դարձյալ փոփոխվում է, իսկ օրվա ընթացքում մարմինները տաքանում են կամ սառչում են, հետևաբար օրվա ընթացքում մարմինների ծավալը փոփոխվում է։ Բարդ կոնստրուկտիվ երկընտրանքը ՝ եթե А, ապա В, եթե С, ապա D, А կամ С, հետևաբար В կամ D։ Պարզ դեստրուկտիվ երկընտրանք ՝ եթե А, ապա В, եթե А, ապա С, ոչ -В կամ ոչ -С, հետևաբար ոչ -А։ Բարդ դեստրուկտիվ երկընտրանք ՝ եթե А, ապա В, եթե С, ապա D, ոչ -В կամ ոչ -D, հետևաբար ոչ -А կամ ոչ -С։ Համանման կառուցվածքով լինում են նաև եռընտրանք, քառընտրանք։
- Երբեմն երկընտրանք կոչվում է նաև երկու անդամից բաղկացած խիստ դիզյունկտիվ (բաժանարար) դատողությունը (ալտեռնատիվ)։
- Փոխաբերական իմաստով երկընտրանք է կոչվում այն վիճակը, երբ մարդն ստիպված է լինում ընտրություն կատարել երկու համազոր, սովորաբար իր համար հավասարապես անցանկալի հնարավորությունների միջև (դիլեմա, ալտեռնատիվ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 601)։ |