Դենուդացիա (լատին․՝ denudatio - մերկացում), ապարների հողմնահարման արդյունքների հեռացում։ Լեռնային շրջաններում դենուդացիան ծանրության ուժի ազդեցության տակ ապարների բեկորները գլորվում են փոսորակները, քշվում, տարվում են մակերեսային ջրահոսքերի, գետերի, շարժվող սառցադաշտերի և ձյունահոսքերի, ինչպես նաև քամու միջոցով։ Ստորգետնյա ջրերը լուծում են մեծ քանակությամբ նյութեր, առաջացնում հսկայական դատարկություններ (կարստեր) այս երևույթը նույնպես դենուդացիա է։ Դենուդացիան տեղի է ունենում ծովերի և օվկիանոսների հատակում ստորջրյա սողանքների ժամանակ, ծովային հոսանքների, մակընթացություն-տեղատվության և ցունամիների միջոցով, ինչպես նաև ջրավազանների ափերին, ալեբախության հետևանքով։

Ներկայումս Հայաստանի տարածքի մեծ մասը ենթարկվում է դենուդացիայի։ Այն առավել ինտենսիվ է ընթանում Վեդի գետի ավազանում, Վայքում և Զանգեզուրում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 350