Դեղնականաչ ջրիմուռներ (լատին․՝ Xanthophyta), ջրիմուռների բաժին։ Ամենատարածված տեսակներից են բոտրիդիում հատիկավորը (Botrydium granulatum) և ոշերիա սեսիլիսը (Vaucheria sessilis)։
Բնակվում են քաղցրահամ ջրերում, ջրափոսերի եզրերին, հանդիպում են նաև հողում։ Սիֆոնային կառուցվածքով օրգանիզմներ են՝ հիմնանյութին կպած, հիմնականում՝ բազմակորիզ, բաց դեղնավունից մինչև մուգ դեղնավուն, երբեմն՝ կանաչավուն, որը պայմանավորված է ոչ միայն քլորոֆիլի, այլև կարոտինի (A-նախավիտամին) և քսանտոֆիլի առկայությամբ։ Ունեն տարբեր երկարության մտրակներ, ավելի երկարն ուղղված է դեպի առաջ, ունի մանր փետրային կառուցվածք, իսկ մյուսը կարճ է, հարթ՝ ուղղված հակառակ կողմը (այստեղից էլ՝ բաժնի երկրորդ անվանումը՝ տարամտրակավորներ)։ Բազմանում են անսեռ (զոոսպորներով) և սեռական ճանապարհով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|