Զոոսպորներ, (զոո․․․ և հուն․ аσπορά — ցանք), զոոգոնիդներ, ջրիմուռների և ստորին սնկերի հատուկ բջիջներ, որոնք ծառայում են անսեռ բազմացմանը։ Զոոսպորները օժտված են մտրակիկներով և ընդունակ են ջրում շարժվելու։ Ի տարբերություն բուսական բնորոշ բջիջների, զոոսպորները չունեն ամուր թաղանթ։ Շատ ջրիմուռների զոոսպորներ, բացի քրոմատոֆորներից, ունեն նաև կարմիր աչք և կծկվող վակուոլ։ Զոոսպորները շարժվում են առաջընթաց և պտուտակաձև, որոշ ժամանակ անց կանգ են առնում, կորցնում մտրակիկները, պատվում ամուր թաղանթով և սկիզբ տալիս սնկի կամ ջրիմուռի նոր օրգանիզմի։ Բջիջները, որոնց մեջ առաջանում են զոոսպորներ, կոչվում են զոոսպորանգիումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 702