Դանիայի ազգային բանկ
Դանիայի ազգային բանկ (դան․՝ Danmarks Nationalbank), Դանիայի թագավորության կենտրոնական բանկը։ Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի անդամ է, սակայն չի մտնում Եվրոզոնայի մեջ։ Բանկը թողարկում է երկրի ազգային արժույթը՝ դանիական կրոնը։
Տեսակ | կենտրոնական բանկ |
---|---|
Երկիր | Դանիա |
Տեղագրություն | Կոպենհագեն |
Մասն է | European System of Central Banks? |
Հիմնադրված է | օգոստոսի 1, 1818 |
Հիմնադիր | Frederick VI of Denmark? |
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք |
Նկարագրություն
խմբագրելԴանիայի ազգային բանկի՝ որպես անկախ և հեղինակավոր հաստատության նպատակն է ապահովել ազգային արժույթի կայունությունը։ Բանկի Կառավարիչների խորհուրդը ամբողջովին պատասխանատու է դրամավարկային քաղաքականության համար։ Դանիայի ազգային բանկը ստանձնում է Դանիայի պետական պարտքի կառավարման հետ կապված բոլոր գործառույթները։ Պատասխանատվության բաշխումը սահմանվում է ազգային բանկի և ֆինանսների նախարարության միջև կնքված համաձայնագրով։
Բանկը հիմնադրվել է 1818 թվականի օգոստոսի 1-ին Ֆրեդերիկ 6-րդ թագավորի կողմից։ Մասնավոր բանկը ստացել է արտարժույթի գործարքների 90 տարվա մենաշնորհ, որը 1907 թվականին երկարաձգվել է մինչև 1938 թվականը։ 1914 թվականին Ազգային բանկը դարձել է միակը, որը զբաղվում էր պետական գործարքներով։ Ֆինանսական հաստատությունը լիովին անկախացել է կառավարությունից 1936 թվականին։
Բանկի շենքը նախագծել է Առնե Յակոբսենը՝ Հանս Դիսինգի և Օտտո Վետլինգի հետ համատեղ։ Յակոբսենի մահից հետո նրա ընկերությունը, անվանափոխվելով «Dissing + Weitling», ավարտել է շինարարությունը։ Կառուցվել է 1965-1970 թվականներին։
Վերահսկողություն
խմբագրելԲանկի ղեկավար մարմիններն են կառավարիչների խորհուրդը (դան․՝ Repræsentantskabet), տնօրենների խորհուրդը (դան․՝ Bestyrelse) և տնօրինությունը (դան․՝ Direktion):
Տնօրինությունը կազմված է երեք անդամից։ Այն գլխավորում է թագավորի կողմից նշանակված ղեկավարը (դան․՝ direktør): Մյուս երկուսը նշանակվում են տնօրենների խորհրդի կողմից։ Տնօրինությունը պատասխանատու է բանկի ամենօրյա կառավարման համար, բացառիկ պատասխանատվություն է կրում դրամավարկային քաղաքականության մշակման և ընթացիկ ճշգրտման համար[1]։
Տնօրենների խորհուրդը բաղկացած է 7 հոգուց, որոնցից երկուսը նշանակվում են էկոնոմիկայի նախարարի կողմից, իսկ մյուսներն ընտրվում են կառավարիչների խորհրդի կողմից՝ իրենց կազմից։ Սովորաբար նոր կազմի ընտրությունն իրականացվում է այնպես, որ տնօրենների խորհրդի կազմում ներառվեն ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ։ Տնօրենների խորհրդի անդամներն ընտրվում են մեկ տարի ժամկետով։ Խորհրդի պարտականությունները ներառում են բանկի գործունեության կարևոր ասպեկտների մասին իրազեկումը, աուդիտի պլանավորման վերահսկողությունը, հիմնական ռիսկերի վերլուծությունը, եռամսյակային ստուգումների անցկացումը, տնօրենների խորհրդի առաջարկությունների մշակումը։ Տնօրենների խորհուրդը հավաքվում է տարեկան 10 անգամ[2]։
Կառավարիչների խորհուրդը բաղկացած է 25 անդամից, որոնցից 8-ը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ իր անդամներից, 2-ը նշանակվում է էկոնոմիկայի նախարարի կողմից, մնացած 15-ն ընտրվում են հենց կառավարիչների խորհրդի կողմից՝ հաշվի առնելով թեկնածուների գիտելիքները, ինչպես նաև աշխարհագրական և մասնագիտական ներկայացուցչության ապահովումը։ Կառավարիչների խորհուրդը վերահսկողություն է իրականացնում բանկի կողմից օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահպանման նկատմամբ, հաստատում է տարեկան հաշվետվությունը։ Սովորաբար հավաքվում է եռամսյակը մեկ անգամ[3]։
Տարբերանշան
խմբագրել19-րդ դարի սկզբից բանկի պաշտոնական տարբերանշանը դանիական զինանշանի տարբերակն է, որը պատկերում է Շլեզվիգ և Հոլշտեյն նահանգները։ Այս երկու մարզերը ոչնչացվել են Շլեզվիգի համար Երկրորդ պատերազմի արդյունքում, և բանկը շարունակում է մնալ միակ պետական հաստատությունը, որը դեռ օգտագործում է այդ նահանգներով տարբերանշանը։ 19-րդ դարի վերջից սկսած՝ բանկի կողմից թողարկված մետաղադրամները պարունակում են դրամահատարանի սրտաձև ֆիրմային նշան։ Մինչ այդ որպես ֆիրմային նշան օգտագործել են արքայական թագը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Direktion Արխիվացված 2018-11-10 Wayback Machine, Национальный банк Дании
- ↑ Bestyrelse Արխիվացված 2018-11-03 Wayback Machine, Национальный банк Дании
- ↑ Repræsentantskab Արխիվացված 2016-04-06 Wayback Machine, Национальный банк Дании