Գ. Հովսեփյանի տուն
Գ. Հովսեփյանի տուն, բնակելի տուն Երևանի Փավստոս Բուզանդ փողոցում։
Տեսակ | բնակելի տուն |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Փավստոս Բուզանդի փողոց, 32 |
Փողոց | Փավստոս Բուզանդի փողոց (32) |
Հարկեր | 2 |
Շինանյութ | տուֆ, աղյուս և փայտ |
Բնակիչ | Վահան Արծրունի |
Հիմնադրված է | 19-րդ դար |
Նկարագրություն
խմբագրելԿառուցվել է 19-րդ դարի վերջին։ Գտնվում է Փավստոս Բուզանդի 32 հասցեում։ Երկհարկանի է՝ հատակագծում ուղղանկյուն գծագրությամբ։ Ունի կիսանկուղային հարկ, ուր տեղավորված են տնտեսական և օժանդակ սենյակները։ Փողոցակողմի մասը, որն ունի գլանաձև թաղային ծածկ և լուսամուտներ, հատկացված էր մառանին։ Բնակելի հարկում հինգ սենյակներ են, որ խմբավորված են նախասենյակի շուրջը։ Ընդհանուր սենյակը և կողային սենյակները նայում են փողոց՝ հարավ-արևմուտք, իսկ երկուսը՝ դեպի բակ, հյուսիս-արևելք։ Տան մուտքը՝ թե՛ բնակելի և թե՛ տնտեսական մասի, բայց պատշգամբասրահից է, որը գրավում է բակահայաց ողջ ճակատը։ Կողաճակատին կից քարե լայն աստիճանները տանում են պատշգամբասրահ։ Շինված է տուֆ քարից և աղյուսից։ Ծածկը փայտից է։ Ժամանակին ունեցել է հողե հարթ տանիք։ Այժմ փոխարինված է երկթեք, շիֆերապատ տանիքով, ճակատի ստորին մասը սվաղված է կրաշաղախով։ Գլխավոր ճակատն ունի համաչափ լուծում՝ եռամաս, ուղղահայաց բաժանումներով։ Առանձնապես արտահայտիչ են բնակելի հարկ ուղղանկյուն լուսամուտները, որ շրջանակված են երեսակալներով, վերևում ունեն եռանկյուն զարդաքիվեր։ Պարզ գծակերպ քիվը և ձգագոտին լրացնում են ճակատի դեկորատիվ հարդարանքը։ Նկուղային հարկը օգտագործվում է որպես բնակելի տարածություն[1]։
1920-ականներին այստեղ բնակվել է բժիշկ, պրոֆեսոր Վահան Արծրունին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հուշարձան, Տարեգիրք Գ, «Հուշարձան» 2005, էջ 200, ISBN 978-99930-865-2-5