Վահան Արծրունի (բժիշկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Արծրունի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Մարգարի Արծրունի (հունիսի 10 (22), 1857[1][2], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 29, 1947[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), կազմախոս, առողջաբան, ականջակոկորդաբույժ։ Հայ բժիշկ։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԵՊՀ և ԵրԲԻ հիմնադիրներից։ ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։
Ծնվել է | հունիսի 10 (22), 1857[1][2] |
---|---|
Ծննդավայր | Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 29, 1947[1][2] (90 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա[1] և Փարիզի համալսարան (1885)[1] |
Մասնագիտություն | բժիշկ, անատոմ և դասախոս |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1936) |
Աշխատավայր | Առողջապահիկ թերթ[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Ծնողներ | հայր՝ Մարգար Արծրունի |
Պարգևներ |
Վահան Արծրունու բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության և կրթության սկզբնավորման գործում[3]։
Կենսագրություն
խմբագրելՎահան Արծրունինի ծնվել է 1857 թվականի հունիսի 10-ին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։
Մինչև 8-րդ դասարանը սկզբնական կրթություն է ստացել Թիֆլիսի Առաջին գիմնազիայում[3]։ Քաղաքական ընդհատակյա աշխատանքներին մասնակցելու պատճառով հեռացվել է գիմնազիայից և զրկվել բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթությունը շարունակելու իրավունքից։ 1880 թվականին մեկնել է Ֆրանսիա, 5 տարի անց ավարտել Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը, մասնագիտացել քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների գծով և ընտրվել քիթ-կոկորդ-ականջաբանների ընկերության թղթանդամ։
1889 թվականին Արծրունին վերադարձել է Թիֆլիս և նշանակվել քաղաքի սանիտարական բժիշկ, միաժամանակ աշխատել քաղաքային բուժարանում որպես քիթ-կոկորդի և ականջի հիվանդությունների բժիշկ, ըստ որում՝ աղքատ հիվանդներին բուժել է անվճար։ 1892-1893 թվականներին նա խոլերայի համաճարակի դեմ մղվող պայքարի ակտիվ կազմակերպիչներից էր։ Թիֆլիսում հրատարակել է շուրջ 30 բժշկական գիտահանրամատչելի գրքույկներ («Հիպնոտիզմ», մաս 1-2, 1892-1895, «Ամուսնություն», 1901, «Նորածին երեխաների հիվանդությունները», 1903), ինչպես նաև խոլերայի, ժանտախտի, բնական ծաղկի, վեներական և այլ վարակիչ հիվանդությունների մասին բրոշյուրները։ Արծրունին 1902-1905 թվականներին իր միջոցներով հրատարակել է նաև «Առողջապահիկ թերթ» հանդեսը։
Հայկական դպրոցներում մտցրել է հիգիենայի դասավանդում։ Նա ուսումնասիրել է նաև ֆիզիկական դաստիարակության գիտական հիմունքները։ «Դպրոցական առողջապահություն» (1895) գրքում նա գրել է, որ դպրոցական հիգիենայում ամենակարևորը ֆիզիկական կրթությունն է։ Մարմնամարզական գործիքների վրա կատարվող վարժությունները Արծրունին համարել է անբավարար (ուսագոտու մկանները միակողմանի զարգացնելու պատճառով)։ Ըստ Արծրունու, աճող օրգանիզմի բնականոն զարգացմանն օժանդակող լավագույն միջոցը խաղերն են։ Նա խաղերը բաժանել է 2 ենթախմբի՝ աթլետիկական (ժամանակակից հասկացողությամբ՝ սպորտային՝ ֆուտբոլ, թենիս) և ազատ (շարժական)։ Վահան Արծրունին խաղերի թվին էր դասում նաև զինվորական և կրթական վարժությունները։ Նրա ջանքերով հայկական դպրոցներում առաջին անգամ սահմանվեց դպրոցական բժշկի հաստիքը և սովորողների առողջական վիճակի մշտական բժշկական հսկողությունը։
1918-1920 տարիներին Հայաստանի Հանրապետութեան Լուսաւորութեան նախարարութիւնում պաշտօնավարել է իբրև Բժշկա-առողջապահական բաժնի Վարիչ։ «Յառաջ» օրաթերթի 14 Մայիս 1920 համարում ստորագրած է երեք յաջորդական յոդվածներ՝ «Վահագնութիւնը Սկաուտիզմը» խորագրով։
Քաղաքացիական պատերագմի տարիներին Վահան Արծրունին Պյատիգորսկում կարմիրբանակայինների համար ստեղծված թիվ 15 վարակիչ հիվանդությունների հոսպիտալի գլխավոր բժիշկն էր։ 1920 թվականին նա Թիֆլիսի զինվորական հոսպիտալում աշխատել է որպես խորհրդատու և փորձագետ, եղել է Հայաստանի Կարմիր խաչի ընկերության վարչության փոխնախագահ, հետադայում՝ նախագահ։ 1921 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել որպես քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների մասնագետ։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո մի խումբ առաջավոր հայ բժիշկների հետ ձեռնամուխ է եղել Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմակերպմանը։ Ապա 1922 թվականին հիմնադրել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մարդու նորմալ անատոմիայի ամբիոնը և ղեկավարել մինչև իր մահը։ Ինչպես նաև Երևանի բժշկական ինստիտուտում հիմնադրել է անատոմիայի թանգարան, որն այժմ կոչվում է նրա անվամբ։
Գրել է նորմալ անատոմիայի հայերեն առաջին դասագիրքը («Մարդակազմություն», 1923, ապակետիպ)։ Գիտական ասպարեզում նրա ամենամեծ ծառայությունը ռուսերեն-լատիներեն-հայերեն բժշկագիտական տերմինների մշակումը և բառարանի հրատարակումն է (1924)։ 1926 թվականին Վ.Արծրունուն շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1936 թվականին նա ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան։ Երկարամյա գիտա-հասարակական գործունեության համար 1943 թվականին պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով և «Աշխատանքային արիության համար» մեդալով։
Վախճանվել է 1947 թվականի հուլիսի 29-ին Երևանում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 Կենսագրություն
Գրականություն
խմբագրել- Փարսադանյան Ռ․ Ս․ - Հայ բժշկագիտության պատմությունից, Երևան, 1958։
- Оганесян Л․ А․, История медицины в Армении, ч․ 4, Е․, 1947․
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Արծրունի (բժիշկ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 75)։ |