Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Մարուքի Եղիյան (1914, Չոռլու, Թուրքիա- 1986, Երևան), հայ բժիշկ, դիմածնոտային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964

Գևորգ Եղիյան
Ծնվել է1914
Մահացել է1986
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Եղիյանը ծնվել է Թուրքիայի Չոռլու քաղաքում։ 1938 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1939 թվականին եղել է նույն համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի ասիստենտ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հայրենադարձել է։ 1946 թվականից եղել է Հայրենական պատերազմի հաշմանդամների բուժման համար Երևանում ստեղծված հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչը։

1947-1956 թվականներին եղել է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչը։ Ուսումնասիրել է վերին շրթունքի բնածին արատների կլինիկան և բուժման եղանակները։ 1953 թվականին պաշտպանել է «Վերին շրթունքի բնածին ճեղքվածքների կլինիկան և բուժումը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։

1956-1963 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, եղել է դիմածնոտային վիրաբուժության գծով հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի դոցենտ։ Հոսպիտալային վիրաբուժության ամբիոնում աշխատելու տարիներին լայն գործունեություն է ծավալել քթի դեֆորմացիաների և արատների ուսումնասիրության ուղղությամբ՝ որոնելով վիրահատական բուժման նոր և արդյունավետ եղանակներ։

1963 թվականին պաշտպանել է «Քթի դեֆորմացիաները և դեֆեկտները ու նրանց վիրահատական բուժման եղանակները» թեմայով դոկտորական ատենախոսությունը։

1963 թվականին Բժշկական ինստիտուտի կազմում հիմնադրել և ղեկավարել է ստոմատոլոգիայի ամբիոնը, 1968-1982 թվականներին եղել է վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ։ 1965 թվականին հրատարակել է ստոմատոլոգիայի հայերեն առաջին դասագիրքը, հեղինակ է «Վիրաբուժական ստոմատոլոգիա» ուսումնական ձեռնարկի (1967)։

Եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ, հանրապետության ստոմատոլոգների գիտական ընկերության նախագահ, համամիութենական ընկերության վարչության անդամ, «Ստոմատոլոգիա» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ[1]։

Երկեր խմբագրել

  • Ատամները և բերանի խոռոչն առողջ պահելու մասին, Երևան, 1963 թ.:
  • «Վիրաբուժական ստոմատոլոգիա», Երևան, 1967 թ.:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել