Գրադարանամատենագիտական կրթություն

Գրադարանամատենագիտական կրթություն, բարձրագույն ու միջին որակավորման գրադարանավարների և մատենագետների պատրաստման համակարգ։

Պատմություն խմբագրել

Սկզբնավորվել է Գյոթինգենի համալսարանում (Գերմանիա)՝ գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի ստեղծմամբ (1886)։

Երևանում քաղլուստեխնիկում (գրադարանային բաժնով) կազմակերպվել է 1929 թվականին, որը հետագայում կոչվել է ակումբագրադարանային տեխնիկում. գործել է մինչև 1961 թվականը (1941-1946 թվականներին չի գործել)։ 1961-1969 թվականներին ակումբագրադարանային բաժին է ունեցել Ա. Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանը։ 1969 թվականին ակումբագրադարանային ուսում­նարան է հիմ­նադրվել Էջմիածնում (առկա և հեռակա բաժիններով)։ Բարձրագույն գրադարանային բաժին է գործել ԵՊՀ-ում (1949-1955 թվականներին՝ առկա, 1960-1970 թվականներին՝ հեռակա), Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում (1954-1964)։

Խորհրդային տարիներին ՀԽՍՀ մշակույթի նախարարությունը պարբերաբար գրադարանավարների 1–2-ամսյա վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել տեղերում։ 1970 թվականին ՀՊՄՀ մշակույթի ֆակուլտետում հիմ­նադրվել է գրադարանագիտության և մատենագիտության ամբիոն (1999 թվականից վարիչ՝ Գագիկ Սուքիասյան), դասավանդվում է «Գրադարանագիտություն» առարկան։

2009 թվականից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում իրականացվում է «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մագիստրոսական կրթական ծրագիր, որի նպատակը գրադարանային գործում ՏՏ ոլորտի ձեռքբերում­ների կիրառման տեխնոլոգիան ուսանողներին սովորեցնելն է՝ հասարակության փոփոխվող կարծիքները բավարարելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։