Գործարար տուն (Նովոսիբիրսկ)

Գործարար տուն (Կարմիր պողոտա, 25, ռուս.՝ Деловой дом, Красный проспект, 25), շենք Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի Կենտրոնական թաղամասում։ Կառուցվել է 1928 թվականին։ Դաշնային նշանակության ճարտարապետության հուշարձան է։ Ճարտարապետներն են Դանիիլ Ֆրիդմանը, Ի. Ա. Բուռլակովը[1]։

Գործարար տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոսիբիրսկ
Հիմնադրված է1928
ՃարտարապետԴանիիլ Ֆրիդման
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1926 թվականին տեղական տնտեսության բաժինը որոշում է ընդունել Քաղաքային առևտրային մասնաշենքի կողքին հյուրանոց (Գործարար շենք) կառուցելու մասին։ Հայտարարվել է փակ մրցույթ, որին մասնակցել են մոսկովյան ճարտարապետներ Սերգեյ Չեռնիշովը (նախագծել է Մոսկվայի պետհամալսարանի գլխավոր շենքը), Ի. Ա. Գոլոսովը և Դ. Ֆ. Ֆրիդմանը, որի նախագիծն էլ հավանության է արժանացել «որպես արտաքին մշակմամբ առավել հետաքրքրական»։

Սկզբնապես նախատեսվում էր, որ շենքը կառուցվելու է Կարմիր պողոտայի այլ շենքերի հետ նույն գծով։ Սակայն որոշ հատակագծողներ, որոնցից առաջինը՝ հաղորդակցության ուղիների ինժեներ Վ. Գ. Սաֆոնովը, առաջարկել էին շենքը կառուցել խորքում՝ նրա մոտ ավտոկայանատեղի համար տարածքներ ստեղծելու նպատակով։ Վեճի լուծման համար կազմակերպվել էր վեցհոգանոց ենթահանձնաժողով, որի կազմում էին ինժեներ Վ. Պ. Բրեյդենբախը (Մայիսմեկյան պուրակի շատրվանի ապագա կառուցողը), Կ. Ե. Ցակնին, դոկտոր Ա. Ա. Իցկովիչը, Գոլդենբերգը, Ռոդյուկովը, Ի. Ի. Զագրիվկոն, ինչից հետո որոշվել է շենքը կառուցել պողոտայի կարմիր գծից հետ։

Այնուհետև Զագրիվկոն հանդես է եկել քաղխորհրդին կից հատակագծման հանձնաժողովի լիագումար նիստում, որտեղ հավանության է արժանացել շենքը 29 սաժեն խորքից կառուցելու նրա նախագիծը, ինչի շնորհիվ ձևավորվել է ժամանակակից Լենինի հրապարակի տեսքը[1]։

Շենքը կառուցվել է 1926-1928 թվականներին ճարտարապետ Դ. Ֆ. Ֆրիդմանի նախագծով, ինչպես նաև ճարտարապետ Ի. Ա. Բուռլակովի աշխատանքային գծագրերով[1]։

Նկարագրություն խմբագրել

Շենքի գլխավոր արևելյան ճակատը դուրս է գալիս Լենինի հրապարակ, հյուսիսայինը՝ Լենինի փողոց, արևմտյան ճակատը նայում է Կենտրոնական հյուրանոցի շենքին, հարավային ճակատը գտնվում է Մայիսմեկյան պուրակի դիմաց։

Շենքը քառահարկ ուղղանկյունաձև է խամքարե ժապավենաձև հիմքով՝ ներքին բակով փակ կարեի տեսքով։ Դեպի բակ առկա է անցուղի։ Ժամանակի ընթացքում բակում հայտնվել են նոր գործառույթներին հարմարեցված կցակառույցներ։ Շենքի տակ կա նկուղ։

Շենքը բաղկացած է լայնակի շրջանակից, միակտուր երկաթբետոնե հեծանից և սալից։

Կրող աղյուսե պատերը կատարում են արտաքին հենակի դեր։ Աղյուսե գետնախարիսխը առաջ չի քաշվում ճակատի հարթությունից։

Շենքի պատերը երեսպատված են ատամնամուրճով մշակված քարանման սվաղով։

Շենքն ունի երկլանջ ձեղնահարկային տանիք։ Երկաթե տանիքը հաղորդակցվում է արտաքին ջրթող խողովակի հետ։

Գլխավոր ճակատի հորինվածքը համաչափ է, նրա կենտրոնական մասը առաջին և երրորդ հարկերի մակարդակով առաջ եկած է, իսկ կողքերից ունի փոքր չափի ուղղանկյունաձև պատշգամբներ և թեթև մետաղական պատնեշ։

Աստիճանավանդակների երեք փոքր-ինչ բարձր ծավալները ընդգծում են հարավարևելյան, հյուսիսարևմտյան ու հյուսիսարևելյան անկյունները և շենքին տալիս աստիճանաձև ուրվագիծ։

Առաջին հարկի ցուցափեղկերի շարունակությունն են երկրորդ հարկի մեծ եռանիստ պատուհան էրկերները։

Գլխավոր ճակատին կա երկու կողմնային մուտք, որոնք ընդգծվում են փոքր ծավալներով։

Նկուղը, առաջին և երկրորդ հարկերը նախագծվել են հատուկ հասարակական գործառույթների համար։

Շենքում պահպանվել է նախնական ներսույթը. առաստաղի ծեփագործական գոտիները, հենակահեծանային կառուցվածքը, կերամիկական քառակուսի և ութանկյուն սալիկով հատակը, մանրահատակը[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Памятники истории, архитектуры и монументального искусства Новосибирской области. Управление по государственной охране объектов культурного наследия Новосибирской области. 2011. էջ 103. ISBN 5-8402-0368-8.

Արտաքին հղումներ խմբագրել