Գոտի փորագրազարդ (մ.թ.ա. 12-11-րդ դարեր, Լճաշեն, № 2153)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոտի փորագրազարդ (այլ կիրառումներ)

Գոտի փորագրազարդ (մ.թ.ա. 12-11-րդ դարեր, Լճաշեն), բրոնզե թիթեղից պատրաստված գոտի։ Պահվում է Երևանում գտնվող Հայաստանի պատմության թանգարանում և գրանցված է 2153 համարի տակ։

Գոտի փորագրազարդ
նյութբրոնզ

Գոտին համարվում է Ք. ա. 12-11-րդ դարերի հնություն, բրոնզից է, չափերը` 1 15,5×39×0,2 սմ։ Հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի տարածքում։

Նկարագրություն խմբագրել

Դրվագված բրոնզե թիթեղի մակերեսի վրա նուրբ փորագրությամբ պատկերված են ողջ հասակով կանգնած երկու մարդկային ֆիգուրա։ Նրանցից մեկը կառավարում է երկար քաշանով երկանիվ կառքը, որի անիվները շրջանի մեջ առնված հնգաթև աստղի տեսք ունեն։ Կառքին լծված են երկարուկ իրաններով ֆանտաստիկ երկու ձիեր և կառավարվում են երասաններով[1]։ Ձիերի ոտքերի վերջույթներին ոչ թե սմբակներ են, այլ մագիլներ, իսկ նրանցից մեկի գլխի վրա եղջյուրանման ելուստներ կան։ Ձիերի առջևից ընթանում են երկու թռչուն։ Կառապանը ընդգծված ֆալլով հսկայամարմին էակ է` սխեմատիկ, ընդհանրացված մարմնաձևերով։ Հագին առյուծի դիմակ է, մեջքին կրում է գոտի, ոտքերին` վեր կեռված քթով երկարաճիտ կոշիկներ։ Տղամարդու ուսերից վեր` դեմքի բարձրությամբ արև խորհրդանշող ճառագող սկավառակ է։ Նույնպիսի սկավառակ է պատկերված նաև աջակողմյան ձիու վզի տակ[1]։

Մարդկային երկրորդ ֆիգուրան առաջինի նման հսկայամարմին է։ Պետք է ենթադրել, որ նա ևս կառավարում է կառք (այս հատվածում գոտին վնասված է)։ Կառքին լծված չորս ձիերից պահպանվել են երեքը, որոնց գլխավերևում պատկերված են արև խորհրդանշող սկավառակներ։ Ձիերին ընդառաջ պատկերված են կտցահարող թռչուններ։ Գոտին եզրագծված է երկշար վազող պարույրներով և հատվող զիգզագաձև զարդանախշով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM