Գնային համարժեքություն, պարիտետ, տարբեր տեսակի ապրանքների գների հավասարակշռված հարաբերակցությունը։ Որպես ելակետ՝ վերցվում է որոշակի հիմք, որի դեպքում ապրանքի գները (օրինակ՝ ագրոարդ. համալիրում) սահմանվում են համարժեքության սկզբունքով, շահույթի նորմին հավասար։ Եթե որոշակի ժամանակահատվածում այդ հարաբերակցությունը պահպավում կամ ունենում է աննշան շեղում, ապա գնային համարժեքությունն պահպանվում է։ Հավասարակշռված, համաչափ զարգացման համար գնային համարժեքության պահպանումը կարևոր տնտեսական պայման է, որն ապահովում է ըստ շահութաբերության արդյունավետության մակարդակի համադրելիության, ինչպես նաև շուկայում գործընկերների, տնտեսության ճյուղերի համար ընդլայնված վերարտադրության իրականացման հավասար պայմաններ։ Գների համարժեք հարաբերակցությունից զգալի շեղումը հանգեցնում է դրանց անհամարժեքության (դիսպարիտետ)։ Հայաստանի հանրաետությունում գնային համարժեքության արտահայտված խախտում նկատվել է հատկապես 1990-ական թթ-ին, որը բացասական ազդեցություն է ունեցել ագրարային ոլորտի տնտեսական վիճակի, արտադրության մակարդակի, գյուղատնտեսական ձեռնարկությունների վճարունակության, ոլորտում զբաղվածների սոցիալական պայմանների վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։