Գյուղատնտեսության մեքենայացում

Գյուղատնտեսության մեքենայացում, գյուղատնտեսական արտադրության ճյուղերում ձեռքի և կենդանի քարշող ուժի փոխարինումը մեքենայացված աշխատանքով։ Դրա շնորհիվ գյուղատնտեսական արտադրության մեջ աշխատանքը փոխում է իր բնույթը, դառնում ավելի արդյունավետ, աշխատավորը ձեռք է բերում նոր՝ մեքենաները ղեկավարելու ֆունկցիա, ազատվում ծանր աշխատատար հոգնեցուցիչ աշխատանքից։ Գյուղատնտեսության մեքենայացումը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, իջեցնում արտադրանքի ինքնարժեքը։ Գյուղատնտեսության մեքենայացման հիմնական աշխատանքային պրոցեսներն են․ երկրագործությունում՝ հողերի չորացումն ու ոռոգումը, մշակումը (վարը, խոզանի երեսվարը, կրկնավարը, սկավառակամը, համատարած կուլտիվացիան, փոցխումը, խորը փխրեցումը, տափանումը), ցանքն ու տնկումը, միջշրջանային մշակումը, պարարտացումն ու սնուցումը, բույսերի հիվանդությունների, վնասատուների ու մոլախոտերի դեմ պայքարը, բերքահավաքը, անասնապահական ֆերմաներում՝ կերի նախապատրաստումն ու բաշխումը, գոմաղբի հավաքումն ու հեռացումը, անասունների ու թռչունների ջրումը, կովերի կիթը, ոչխարների խուզը, օժանդակ ձեռնարկություններում՝ գյուղատնտեսական տեխնիկայի նորոգումը, ստացված արտադրանքի վերամշակումը։

Բամբակ հավաքող մեքենան՝ աշխատանքի ժամանակ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 122