[1]ԳՈւՆԴ,Գյովնդ, գովընդ, հայկական ժողովրդական մի շարք խմբապարերի ընդհանուր անվանումը։ Կատարելիս պարողները (երբեմն՝ չափազանց բազմաթիվ) դասավորվում են կողք-կողքի և շարժվում շատ դանդաղ (այս պատճառով հաճախ անվանվում է «ծանդըր»)։

Ստուգաբանություն խմբագրել

«Գյոնդ» կամ «Գյովընդ» բառերը «գունդ» բառի հին ձևերն են և խորհրդանշում են մարդկանց հավաքույթ, գունդ, ժողով։

Խորհուրդ խմբագրել

Ստուգաբանությունից ելնելով, որ Գյոնդ պարի անվանումը ծագել է «գունդ» բառից, կարելի է ասել, որ Գյոնդը կոլեկտիվ և մասսայական պար է, որին միաժամանակ մասնակցել են մի քանի հարյուր հոգի։ Հայ ժողովրդի կոլեկտիվ պարերը, որոնք կատարվում էին ձեռքերը բռնած, կոչվում են նաև «ծանդր զլոնդեր»։ Այս պարերում տեղաշարժը կատարվում է հիմնականում դանդաղ՝ տեմպի չափավոր արագանալու առկայությամբ։

«Երկու գնալ, մեկ դառնալ» նշանակում է, որ պարը տեղաշարժվում է երկու քայլ աջ և մեկ քայլ ձախ։ «Դառնալ» կամ «վերադառնալ» նշանակում է գնալ դեպի ձախ։ Սակայն, հնում «ձախ» բառը արգելված էր և օգտագործվում էր «դառնալ» բայը։ Ըստ ավանդույթի, ձախ գնալը խորհրդանշում էր ձախորդություն, իսկ աջ գնալը՝ հաջողություն։

Այսպիսով, երկու աջ գնացող քայլերի շնորհիվ և չնայած պարի ձախ դարձող քայլին, ընդհանուր պարը շարժվում է դեպի աջ ՝ դեպի հաջողություն, խորհրդանշելով համայնքի ձգտումը դրականին[2]։

Պարի ընթացք խմբագրել

Պարի տևողությունը մեծ է։ Գյոնդի տարատեսակներն են՝ «ծանդըր գյոնդ», «ծանդըր գյոնդ կոտրոցի», «ծանդըր գյոնդ կոտրոցի ճկոտախաղ»։ Առաջին երկուսում պարողները միմյանց ձեռքերը բռնում են ափերով, վար իջեցրած, երրորդում արմունկները ծալում են տարբեր անկյուններով և բռնում ճկույթներից։ Մեծ դեր է խաղում ծնկների ծալելը՝ զանազան խորությամբ և ռիթմով (կոչվում է «կոտրոցի»)։ Ըստ շարժման հաջորդականության Գյոնդի կատարման ձևերից են՝ «երկու գնալ՝ մեկ դառնալ»-ը և «երկու գնալ՝ երկու դառնալ»-ը։

Գյոնդը պարում են նվագակցությամբ (զուռնա-դհոլ, պարկապզուկ, դուդուկ) կամ երգելով, երգում են երկու զույգ՝ թե տղա և թե աղջիկ, մի զույգը երգում է պարերգի տները, մյուսը՝ կրկնակները, վերջինը՝ նաև խմբով։ Պարի ընթացքում կարող են հաջորդափոխվել տարբեր պարերգեր։ Խոսքերը՝ հայերեն, երբեմն էլ՝ հայերի կողմից հորինված քրդերեն (բացառիկ՝ թուրքերեն), հնում վիպական էին, ապա դարձել են կենցաղային, քնարական, սիրային և այլն։ Գյոնդը ղեկավարում է շարքի սկզբում գտնվողը՝ «պար քաշողը», «պարագլուխը», ծայրինը կոչվում է «պոչ»։ Այս երկուսը պարելիս օգտագործում են խայտաբղետ թաշկինակ, որով «պար քաշողը» միևնույն ժամանակ ազդանշան է տալիս։ Տարբեր վայրերում Գյոնդը ունենում է այլ ու այլ անուններ (օրինակ՝ Ալաշկերտում՝ «դուրան պար»)։

Պարային քայլեր խմբագրել

Այս պարում առկա է կցորդ քայլը, այսինքն ՝ քայլ կատարելու ժամանակ ոտքերը չեն խաչվում։

  • աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է կցորդ քայլ (ձախ ոտքը միացվում է աջին)
  • աջ ոտքը նորից դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է «խաղ» (ընդ որում ՝ տարբեր պարերում խաղացող ոտքը տարբեր ձևերով է «խաղում»)
  • ձախ ոտքը դրվում է դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lachinyan, Anushik (07.07.2022). [ans.danse.studio Gyovnd]. Bjni: Haykakan Parer. էջեր haykakan parer. ISBN 2508200707078. {{cite book}}: Check |isbn= value: invalid prefix (օգնություն); Check |url= value (օգնություն)
  2. «Գյոնդ (Գյովընդ)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 113