Գմբեթավոր դահլիճ, գմբեթավոր սրահ, պաշտամունքային կառուցվածքի ճարտարապետական տիպ, որն ստեղծվել է Հայաստանում, 6-րդ դարում։ Այն արևելքից արևմուտք ձգված ուղղանկյուն դահլիճ է՝ ընդերկայնական պատերից դուրս եկող երկու զույգ որմնամույթերով։ Նրանց կապող կամարներով ստացվում է գմբեթատակ քառակուսին, որից տրոմպների կամ առագաստների միջոցով իրականացվում է անցումը դեպի գմբեթի թմբուկը։ Արևելքից աղոթասրահը ավարտվում է ավագ խորանով։ Այդ տիպի մեզ հայտնի առաջին օրինակը Հայաստանում Զովունիի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին է, որը հնագույն բազիլիկից գմբեթավոր դահլիճի վերակառուցվել է 5—6-րդ դարերում։ 6—7-րդ դարերում ձևավորվել է գմբեթավոր դահլիճի դասական հորինվածքը, որով կառուցված են Պտղնավանքի (6-րդ դար), Գդմաշենի՝ Սուրբ Թադևոս Առաքյալ և Արուճի՝ Սուրբ Գրիգոր տաճարները (7-րդ դար)։ Այս հուշարձաննևրում գմբեթը բարձրացել է ամբողջ շենքի (աղոթասրահը և աբսիդը միասին վերցրած) կենտրոնում՝ ողջ կառույցի հետ օրգանական ամբողջություն կազմելով։ Բեմի երկու կողմերում ուղղանկյուն հատակագծով ավանդատներ են ավելացվել, որոնց աբսիդների և բեմի աբսիդի միջև, արևելյան ճակատում, եռանկյունաձև խորշեր են թողնվել։ Գմբեթավոր դահլիճի տիպը լայն տարածում է ստացել 10-րդ դարից հետո, երբ Հայաստանում վանքային համալիրների եկեղեցիների մեծ մասը կառուցվել է այդ հորինվածքով։ Այն զգալի ձևափոխություննևր է կրել, կրճատվել է շենքի ընդհանուր երկարությունը, խորշերով մշակվել են մյուս ճակատները ևս, վերացել է բեմի և արևելյան զույգ որմնամույթերի միջև եղած տարածությունը, որի հետևանքով դրանք համատեղվել են բեմի աբսիդի համապատասխան մշակված եզրերի հետ։

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 109