Գլոբալ քաղաքացիականություն

Գլոբալ քաղաքացիականությունն առաջարկում է քաղաքացիականությունը հասկանալ գլոբալ իմաստով՝ այսօրվա փոխկախվածության և փոխազդեցության դարաշրջանում այն դիտարկելով որպես աշխարհի բոլոր քաղաքացիների միջև սոցիալական պայմանագիր։  Նրանք, ովքեր առաջ են մղում այս հայեցակարգը, կարծում են, որ մարդիկ ունեն միմյանց նկատմամբ որոշակի իրավունքներ և պարտականություններ հենց միայն այն պատճառով, որ բոլորս ապրում ենք Երկիր մոլորակի վրա[1]։  

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (մայիսի 29, 2024) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Այս գաղափարի կողմնակիցները փորձում են ցույց տալ, որ գլոբալ քաղաքացիականության պատկերացումն իրագործելի է։ Համաձայն այս հայեցակարգի՝ այսօրվա խիստ փոխկապակցված աշխարհում գլոբալ քաղաքացիներին անհրաժեշտ է կողմնացույց, որը կխթանի կոլեկտիվ մտածողությունը, կստեղծի ընդհանուր գիտակցություն և գլոբալ պատասխանատվության զգացում` աշխարհի հրատապ խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են բնապահպանական խնդիրները և միջուկային զենքի տարածումը[2]։

Հայեցակարգի պատմություն

խմբագրել

Գիտական շրջանառության մեջ «Գլոբալ քաղաքացիականություն» տերմինն առաջին անգամ օգտագործվել է Բրուքինգսի ինստիտուտի Համաշխարհային տնտեսության և զարգացման ծրագրի ավագ գիտաշխատող Հաքան Ալթինայի կողմից՝ 2010 թվականի մարտին հրապարակված աշխատանքային փաստաթղթում։ Հայեցակարգը հիմնված է գլոբալ էթիկայի, գլոբալ արդարության և համաշխարհային քաղաքացիության հիմքում ընկած հիմնական դրույթների վրա՝ դրդելով անհատներին խորհել փոխկապակցված աշխարհում իրենց կարևոր դերի մասին։ 2011 թվականի սկզբին Ալթինայը հրատարակեց գլոբալ քաղաքացիականության մասին «Գլոբալ քաղաքացիականություն. պարտականություններ և իրավունքներ փոխկապակցված աշխարհում» հոդվածների ժողովածուն[3]։ Այն ներառում էր աշխարհի տարբեր երկրների գիտնականների և մտավորականների այս թեմայով արված հետազոտությունները։

Քննադատություն

խմբագրել

Գլոբալ քաղաքացիականության հայեցակարգի քննադատները պնդում են, որ ամբողջ աշխարհում բոլոր մարդկանց նկատմամբ, նույնիսկ նվազագույն չափով պատասխանատվություն ստանձնելու գաղափարը ճնշող է և գործնականում գրեթե անհնար։ Այս փաստարկները նաև պնդում են, որ քաղաքացիականությունը ենթադրում է արդյունավետ պետություն և օրենքները կիրառելու կարողություն։ Քննադատները նաև պնդում են՝ քանի որ չկա համաշխարհային կառավարություն, գլոբալ քաղաքացիականության ներդրումն անհնար է։ Ավելին, նրանք ենթադրում են, որ համաշխարհային գերտերությունները եսասեր ու վտանգավոր են, և գործում են առաջին հերթին սեփական շահերից ելնելով և կաշկանդված չեն միջազգային նորմերով և օրենքներով[4]։ Եվ վերջապես, քննադատները պնդում են, որ մարդկանց միջև գլոբալ համերաշխության ցանկացած զգացում չի կարող հիմք հանդիսանալ իրավունքների և պարտականությունների համապարփակ փաթեթի ստեղծման համար, որը կիրառելի կլինի ամբողջ աշխարհում բոլոր անհատների համար։ Քննադատները պնդում են, որ գլոբալ քաղաքացի լինելն արտոնություն է, որը հասանելի է միայն միջազգային էլիտաներին ու մի քանի ակտիվիստների[2]։

Համալսարանների դերը

խմբագրել

Գլոբալ քաղաքացիականության կողմնակիցներն ընդգծում են, որ համալսարանական կամպուսները վճռորոշ դեր ունեն ժամանակակից  գլոբալ աշխարհի գործելակերպի խորը ընկալումը տարածելու գործում և նպաստում են ապագա սերունդներին նման միջավայրում ապրելու նախապատրաստմանը։ Այս տեսակետը կոչ է անում ստեղծել տեսլական համալսարաններ, որոնք կարող են հաջողությամբ «իրենց ուսանողներին տրամադրել հարթակներ և գործիքներ՝ քննարկելու և պարզելու, թե որն է նրանց պատասխանատվությունը այլոց առջև[1]։

2014 թվականից գլոբալ-քաղաքացիական համալսարանի հայեցակարգը մշակվել է Վելինգթոնի Վիկտորյա համալսարանի կողմից։ Համալսարանը քաղաքացիական ներգրավվածությունը դիտարկում է ժամանակակից գլոբալ համատեքստում՝ ընդգծելով իր ներդրումը ոչ միայն Վելինգթոնի տարածաշրջանում, այլև Նոր Զելանդիայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Համալսարանի նախկին պրոռեկտոր, պրոֆեսոր Գրանտ Գիլֆորդը գլոբալ-քաղաքացիական համալսարանները սահմանել է հետևյալ կերպ.

  • Մեծ համալսարաններն առողջ համայնքներին կապող արդյունավետ ցիկլն ակտիվորեն խթանվում է կայուն կերպով և փոխանցվում սերնդեսերունդ։
  • Համայնքի ներգրավվածությունն ուսուցման և հետազոտության հետ մեկտեղ հիմնական գործառույթ է և դիտարկվում է ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ համատեքստում։
  • Համալսարանի միջազգային օրակարգը շեշտը դնում է գործընկերության վրա, որպեսզի իրար կապի տեղական և գլոբալ նախաձեռնությունները, գիտելիք տրամադրի՝ ամրապնդելու գլոբալ կառավարումն ու դիմակայելու գլոբալ մարտահրավերներին։
  • Հանրային բարիքի արժեքները գերակշռում են շուկայական արժեքներին։
  • Անբարենպաստ փորձառությունների պատճառով ռիսկի ենթարկված մտավոր ներուժի պաշտպանության ապահովումը համարվում է հավաքական առաջնահերթություն։
  • Հետազոտության որակը և ազդեցությունը հավասարապես կարևոր են համարվում։
  • Աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշում հայտնվելն ընդհանուր ակնկալիք է[5]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Altinay, Hakan (2010). «The Case for Global Civics». Global Economy and Development at Brookings. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 3-ին.
  2. 2,0 2,1 Altinay, Hakan (2010 թ․ հունիս). «A Global Civics: Necessary? Feasible?». Global Policy.
  3. Altinay, Hakan (2011). Global Civics: Rights and Responsibilities in an Interdependent World. Washington, D.C.: Brookings Institution Press.
  4. Kagan, Robert (2006). Dangerous Nations. New York: Alfred A. Knopf.
  5. «A global-civic university». 2020 թ․ մարտի 5. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.

Գրականություն

խմբագրել