Գլխագիր
Գլխագիր, գլխատառ, մեծատառ, գրքի, բնագրի, տան կամ գլխի սկզբնատառը։ Ունի կիրառության որոշակի սահմաններ ու կանոններ։ Հայկական գլխագրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ հայոց գիրն ու գրչության արվեստը սկզբնավորելիս։ Այդ ժամանակ որպես գլխագիր օգտագործվող գրատեսակը կոչվել է նաև «երկաթագիր»՝ վիմագրությունները հիմնականում այդ գրատեսակով, քարի վրա երկաթի գրոցով գրելու պատճառով։ Ձեռագրերում գլխագիր գրվել է բնագրից մեկուկես, երկու և ավելի անգամ մեծ, գրադաշտից դուրս, լուսանցքում, հետագայում ամբողջովին մտել է գրադաշտի մեջ, իսկ վերև ու ներքև ձգվող երկար գծերը ավելի են երկարել։ 10-րդ դարում, երբ բոլորգիրը գործածվել է որպես գրչության գիր, երկաթագրի հետ որպես գլխագիր օգտագործել է նաև գրչագիրը։ Բոլորգիրն իր հերթին դարձել է գլխագիր նոտրգրի համար (չնայած վերջինս ուներ նաև սեփական գլխագիր)։ 5-րդ դարից մինչև այսօր բոլոր գրատեսակներում երկաթագիրը օգտագործվում է որպես գլխագիր։ Այն եղել է հենք զարդագրի համար, որը կիրառվում է մեծ մասամբ որպես գլխագիր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 96)։ |