Գիտափորձ «Բոբո» տիկնիկով
Գիտափորձ «Բոբո» տիկնիկով (անգլ.՝ Bobo doll experiment), սոցիալ-հոգեբանական գիտափորձ, որն անցկացրել են Ալբերտ Բանդուրան և նրա գործընկերներ Դորոթի Ռոսն ու Շեյլա Ռոսը (Dorothea Ross, and Sheila A. Ross) 1961թվականին[1]։ Գիտափորձն անցկացվել է սոցիալական ուսուցման տեսության զարգացման շրջանակներում և ուղղված է մարդու վարքագծի մոդելների վրա ուրիշների գործողությունների ազդեցության ուսումնասիրությանը։ Մասնավորապես, ուսումնասիրվել է, թե ինչպես են երեխաները սովորում և օգտագործում որոշակի վարքագծային պատտերններ։
Հետազոտության նպատակն էր բացահայտել՝ արդյոք երեխաները գործողությունների ազատության և տեսանելի դիտարկման բացակայության պայմաններում կկրկնեն այն ագրեսիվ արարքները, որոնք ավելի վաղ տեսել էին մեծահասակների կատարմամբ։ Ավելի ընդհանուր՝ արդյոք վարքագծի՝ նախկինում տեսած մոդելները կդրսևորվեն նոր պայմաններում, որտեղ այդ մոդելը բացակայում է[2]։
Հետազոտության նախապատմություն
խմբագրելԲոբո տիկնիկով գիտափորձին նախորդել են 1952 թվականին Բլայկի և ուրիշների (Grosser, Polansky, & Lippitt, 1951; Rosenblith, 1959; Schachter & Hall, 1952), 1961 թվականին Բանդուրայի և Հյուսթոնի գիտափորձերը։ Դրանց արդյունքները վկայում էին, որ մեծահասակների ներկայությամբ երեխաները հաճախ նմանակում են նրանց վարքագիծը։ Բացահայտվել է նաև, որ սոցիալական փոխգործունեության արդյունքում վարքագծային մոդելի դերում հանդես եկող անձի գործողությունների դիտարկումը ֆասիլիտացնող ազդեցություն է ունենում փորձարկվողների վարքագծի վրա։
Գիտափորձ
խմբագրելՓորձարկվողներ
խմբագրելԳիտափորձին մասնակցել է 72 երեխա՝ 36 տղա, 36 աղջիկ։ Բոլոր երեխաները եղել են Սթենֆորդի համալսարանի մանկապարտեզի սաներ։ Երեխաների տարիքը տատանվել է 37-69 ամսականի շրջանակներում՝ միջինում կազմելով 52 ամսական[3]։
Հետազոտողների թիմ
խմբագրելԳիտափորձի կազմակերպմանը մասնակցել է երեք մեծահասակ՝ կին և տղամարդ, ովքեր իրականացրել են երեխաների կողմից դիտարկվող մոդելների դերը, և մեկ կին, որը կազմակերպել է հետազոտությունը 72 երեխաներից յուրաքանչյուրի համար[4]։
Մեթոդ
խմբագրելԱյս գիտափորձն անցկացվել է լաբորատոր պայմաններում ստուգիչ խմբի հետ[5]։
Գիտափորձում դիտարկված փոփոխականներ
խմբագրելԳիտափորձի ընթացքում առանձնացվել են հետևյալ փոփոխականները[6].
Անկախ փոփոխականներ.
- վարքագծի որևէ մոդելի կամ դրա բացակայության դիտարկման փաստ երեխայի կողմից
- ագրեսիվ կամ ոչ ագրեսիվ վարքագծի դիտարկման փաստ երեխայի կողմից
- իր կամ հակառակ սեռի մեծահասակի ցուցադրած վարքագծի մոդելի դիտարկման փաստ երեխայի կողմից
- երեխայի սեռ
Կախյալ փոփոխականներ.
- ագրեսիվ գործողությունների քանակ,
ընդ որում, դիտարկվել են այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են.
- ագրեսիվ
- ագրեսիվ գործողությունների նմանակում (օրինակ՝ մուրճով հարված տիկնիկին)
- խոսքային ագրեսիայի նմանակում (օրինակ՝ մեծահասակների օգտագործած ագրեսիվ արտահայտությունների կրկնություն)
- ոչ ագրեսիվ
- ոչ ագրեսիվ խոսքային պատասխանների նմանակում
- առանց ագրեսիվության դրսևորման նստել տիկնիկի վրա
Գիտափորձի նախագիծ և ընթացք
խմբագրելՆախքան գիտափորձն անցկացնելը մանկապարտեզում դիտարկվել է ապագա մասնակիցների վարքագիծը։ Դիտումն իրականացրել են հետազոտողը և երեխաներին լավ ճանաչող դաստիարակը։ 5 բալանոց սանդղակով դասակարգվել են երեխաների անհատական վարքագծի մասին նախնական այն պատկերացումները, որոնք նորմալ են երեխաներից յուրաքանչյուրի համար շրջապատողների հետ փոխգործակցելու տեսանկյունից։ Այդ տվյալներն անհրաժեշտ էին հետագայում տարբեր երեխաների վարքագիծը փորձարարական իրադրությունում ավելի ճշգրտությամբ համեմատելու համար։ Յուրաքանչյուր երեխայի վարքագիծը գնահատվել է մի քանի գործոնի, մասնավորապես, ֆիզիկական և խոսքային ագրեսիայի, ագրեսիայի զսպման և անշունչ առարկաների նկատմամբ ագրեսիայի տեսանկյունից։
Երկու փորձագետի կողմից (հետազոտող և երեխայի դաստիարակ) 51 երեխայի անկախ գնահատականի արդյունքում տեղի է ունեցել գնահատականների համաձայնեցում. ագրեսիայի ընդհանուր գնահատականի հուսալիությունը Պիրսոնի կոռելյացիայի գործակցի տվյալով կազմել է 0,89[7]։
Ընդհանուր միավորը ստացվել է ագրեսիվության վերոնշյալ չորս գործոն-սանդղակների գումարի արդյունքում։ Այդ միավորների հիման վրա փորձարկվողները միավորվել են եռյակներում և պատահականության սկզբունքով բաշխվել փորձարարական երկու խմբերից մեկի կամ ստուգիչ խմբի միջև։
Այնուհետև հաշվի առնելով երեխաների տարիքը, սեռը և ագրեսիվության գնահատականը՝ կազմվել է 6-ական մասնակցից կազմված 8 փորձարարական խումբ, և 24 երեխայից բաղկացած մեկ ստուգիչ խումբ։
Խմբերի հավաքագրումից հետո փորձարարական խմբերի հետազոտվողների կեսին ցույց են տվել ագրեսիվ վարքագծի մոդել, իսկ մյուս կեսին՝ ոչ ագրեսիվ և ճնշված։ Հետագայում այդ խմբերը բաժանվել են սեռային ցուցանիշի հիման վրա։ Ստացված խմբի կեսը դիտել է իր սեռի մեծահասակի ագրեսիվ և ոչ ագրեսիվ վարքագիծը, իսկ մյուս կեսը՝ հակառակ սեռի։ Ստուգիչ խմբի երեխաները ոչ մի մոդել չեն դիտել. նրանք պարզապես ինքնուրույն գործել են փորձարարական իրադրությունում[8]։
Գիտափորձի անցկացում
խմբագրելԵրեխաներին հերթով տանում էին փորձարարական սենյակ, որի մի անկյունում երեխային հնարավորություն էին տալիս զբաղվել նրանց համար հետաքրքիր տարբեր խաղերով։ Մեծահասակը, որն իրականացնում էր վարքագծային մոդելի դերը, գտնվում էր սենյակի հակառակ անկյունում, որտեղ կային խաղալիք մուրճ, 5 ոտնաչափ «Բոբո» փչովի տիկնիկը և սեղանին դրված կոնստրուկտոր։ Ասելով, որ այդ խաղալիքները մեծահասակ-մոդելի համար են, հետազոտողը հեռացավ[9]։
Այնուհետև այն խմբում, որտեղ ցուցադրվում էր մեծահասակի ոչ ագրեսիվ վարքագիծ, մեծահասակը հանգիստ խաղում էր կոնստրուկտորով։
Իսկ այն խմբում, որտեղ ցուցադրվում էր մեծահասակի ագրեսիվ պահվածք, մեծահասակը առաջին րոպեի ընթացքում խաղում էր կոնստրուկտորով, ապա մինչև գիտափորձի այդ մասի ավարտը ագրեսիվ գործողություններ իրականացնում տիկնիկի նկատմամբ։
Որպեսզի համոզվեն, որ երեխաները դրսևորում են գիտափորձի ընթացքում մեծահասակից ընդօրինակած ագրեսիայի ձևեր, որոշվել էր, որ մոդելները պետք է ցուցադրեն ոչ ստանդարտ, որոշակի և միանման ագրեսիվ գործողություններ։ Նրանք ոչ միայն խփում էին տիկնիկին, այլև դրսևորում ոչ ստանդարտ ագրեսիվ արարքներ, այդ թվում՝ նստում էին տիկնիկի վրա և խաղալիք մուրճով հարվածում տիկնիկի գլխին, ոտքով հրում և նետում սենյակի տարբեր կողմերը։ Այս տիպային արարքները կրկնում էին երեք անգամ՝ այդ ամենը զուգակցելով մեկ ագրեսիվ (օրինակ՝ «Խփում եմ քթին» և այլն) և երկու ոչ ագրեսիվ մեկնաբանությամբ (օրինակ՝ «Նա իսկապես դիմացկուն է»)։
10 րոպե անց փորձարկողը գալիս էր երեխայի հետևից, որպեսզի նրան տանի փորձարարական խաղասենյակ (հերթականությամբ 3-րդը), որը գտնվում էր հարևան շինությունում՝ մանկապարտեզի տարածքից դուրս։ Ինչպես և առաջին սենյակում, այստեղ էին Բոբո տիկնիկը, խաղալիք մուրճ և կոնստրուկտոր, կային նաև մի շարք այլ խաղալիքներ՝ կավիճներ, տիկնիկներ, մեքենաներ, ներկելու տետրեր, գնդակ, խաղալիք սպասք։ Յուրաքանչյուր երեխայի մուտքից առաջ այդ խաղալիքները դասավորում էին նույն ձևով, որպեսզի հնարավոր լիներ համեմատել դրանց նկատմամբ երեխայի արձագանքը։
Երեխային այստեղ տանելուց առաջ նրան ուղեկցում էին դեպի երկրորդ խաղասենյակը՝ նպատակ ունենալով նրա մեջ ագրեսիա առաջացնել՝ այդ կերպ համահարթեցնելով այն արգելակող ազդեցությունը, որը սովորաբար առաջանում է ուրիշի ագրեսիվությունը դիտելու դեպքում (ըստ Ռոզենբաումի և Դերչարմզի հետազոտությունների)[10]։
Ագրեսիվության դրդելը տեղի էր ունենում հետևյալ կերպ. այդ երկրորդ «միջանկյալ» սենյակում կային մի շարք գրավիչ խաղալիքներ, սակայն հենց երեխան սկսում էր խաղալ դրանցով, միջինում երկու րոպե անց նրան արգելում էին։ Հետազոտողը երեխային ասում էր, որ որոշել է այդ խաղալիքները թողնել ուրիշ երեխաների համար, սակայն նա կարող է խաղալ հաջորդ սենյակում գտնվող ցանկացած խաղալիքով։
Գիտափորձի մասնակից յուրաքանչյուր երեխա սենյակում մնում էր 20 րոպե, որի ընթացքում նրա վարքագիծը նախապես սահմանված չափանիշների հիման վրա գնահատվում էր հանձնաժողովի անդամների կողմից։ Նրանք գտնվում էին հարևան սենյակում, որը միակողմանի թափանցելիությամբ ապակով առանձնացված էր փորձարարական խաղասենյակից։ 20 րոպեն բաժանվել էր 5 վայրկյան տևող շրջանների և յուրաքանչյուր հետազոտվողի համար կազմել 240 միասնական ռեակցիա։
Դիտողների միջև համաձայնեցում ապահովելու նպատակով փորձարարական շրջանները գնահատվել են երկու անկախ փորձագետի կողմից (նրանք մոդելների դերակատարներ տղամարդն ու կինն էին), ընդ որում, դեպքերի կեսում փորձագետը որպես մոդել մասնակցում էր գիտափորձին երեխայի հետ միասին և գիտեր, թե ինչ վարք պետք է ցուցադրի, իսկ դեպքերի կեսում չէր մասնակցում և, համապատասխանաբար, չգիտեր։ Այն հետազոտվողներին, ում վրա ներգործել էր մոդելի ցուցադրությունը, հեշտ էր որոշել տիպիկ վարքագծի միջոցով։
Չափվող ռեակցիաները ներառվել են վարքագծի բարձրակարգ դասերում և ունեին համատեղ դրսևորման բարձր հավանականություն շուրջ 0,90 գործակցով[7]։
Վարկածներ
խմբագրելԳիտնականները սպասում էին, որ կիրականանան հետևյալ վարկածները.
- Հետազոտությանը մասնակցած այն երեխաները, ովքեր դիտել են մեծահասակի ագրեսիվ վարքագիծը, կնմանակեն նրա ագրեսիվ գործողությունները և դրանով կտարբերվեն այն հետազոտվողների վարքագծից, ովքեր դիտել են մոդելի ոչ ագրեսիվ վարքագիծը, և ստուգիչ խմբի անդամների վարքագծից, ովքեր վարքագծի ոչ մի մոդել չեն դիտել։
- Մեծահասակի ոչ ագրեսիվ վարքագծի դիտումը կարգելակի երեխայի ագրեսիվ գործողությունները։
- Հետազոտվող երեխաները մեծ մասամբ կընդօրինակեն իրենց սեռի մեծահասակի վարքագիծը։
- Տղաները կդրսևորեն ավելի ագրեսիվ վարքագիծ, քան աղջիկները։ (Ըստ 1956 թվականին Ֆոլսի և Սմիթի իրականացրած հետազոտության արդյունքների՝ նախադպրոցականները իրենց վարքագծի նկատմամբ ծնողների արձագանքն ընկալում են գենդերային կարծրատիպերի համապատասխան, այսինքն՝ ծնողները խրախուսում են երեխայի սեռին համապատասխան վարքագիծը, իսկ երեխաները զգայուն են դրա նկատմամբ[11]։
Արդյունքներ
խմբագրելԱռաջ քաշված վարկածների համաձայն[4].
Վարկած 1. Այն երեխաները, ովքեր դիտել էին մեծահասակի ագրեսիվ վարքագիծը փչովի տիկնիկի նկատմամբ, ցուցադրել են ավելի շատ ագրեսիվ վարքագծային ռեակցիներ, քան նրանք, ովքեր դիտել էին մեծահասակի ոչ ագրեսիվ վարքագիծը, կամ ստուգիչ խումբը։
Վարկած 2.
Այն տղաները, ովքեր դիտել են ոչ ագրեսիվ վարքագիծը, ցուցադրել են ավելի քիչ ագրեսիվ ռեակցիաներ, քան ստուգիչ խմբի տղաները։
- Այն երեխաները, ովքեր դիտել են ոչ ագրեսիվ վարքագիծ, տիկնիկի հետ խաղալիս դրսևորել են ավելի շատ ոչ ագրեսիվ վարքագիծ, քան ստուգիչ խմբի կամ ագրեսիվություն դիտած խմբի երեխաները։
- Ոչ ագրեսիվ վարքագիծ դիտած երեխաները երկու անգամ ավելի շատ ժամանակ են անցկացրել հանգիստ և խաղաղ խաղերով, քան ագրեսիվություն դիտած երեխաները։
Վարկած 3.
Երեխաները ավելի շատ նմանակել են իրենց սեռի մեծահասակի վարքագիծը, քան հակառակ սեռինը։
- Տղաներն ավելի շատ նմանակել են տղամարդ-մոդելի վարքագիծը։
- Աղջիկներն ավելի շատ նմանակել են կին-մոդելի վարքագիծը։
Վարկած 4։
- Տղաներն աղջիկներից հաճախ են նմանակել ֆիզիկական ագրեսիա։
- Խոսքային ագրեսիայի դրսևորումներում սեռով պայմանավորված տարբերություններ չեն նկատվել։
- Տղաներն աղջիկներից հաճախ են խաղացել ատրճանակով, քան ներկելու պարագաներով, խաղալիք սպասքով կամ տիկնիկով։
Եզրակացություններ
խմբագրել- Վարկած 1-ը հաստատվել է. ագրեսիվ վարքագծի ականատես եղած երեխաները ավելի շատ են դրսևորել ագրեսիվություն, քան մյուս խմբերի հետազոտվողները։
- Վարկած 2-ը հաստատվել է. ոչ ագրեսիվ վարքագծի ականատեսները դրսևորել են ավելի քիչ ագրեսիվության, քան ստուգիչ խմբի հետազոտվողները։
- Վարկած 3-ը հաստատվել է. հետազոտվողներն ավելի շատ նմանակել են իրենց սեռի մեծահասակի վարքագիծը, ընդ որում, թե՛ տղաները, թե՛ աղջիկները ագրեսիվ վարքագիծ դրսևորելիս ավելի շատ նմանակել են «տղամարդային», քան «կանացի» վարքագիծը։
- Վարկած 4-ը հաստատվել է. տղաները աղջիկներից շատ են դրսևորել ֆիզիկական ագրեսիա։
Ազդեցություն տեսական պատկերացումների վրա
խմբագրելՀետազոտության արդյունքում ստացված տվյալները հաստատեցին սոցիալական ուսուցման այն դրույթը, որ դիտման միջոցով հնարավոր է սովորել որոշակի վարքագիծ և այն հետագայում դրսևորել նոր պայմաններում, որտեղ ընդօրինակման օբյեկտը բացակայում է[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bandura, Albert, Ross, Dorothea, & Ross, Sheila A. Transmission of aggressions through imitation of aggressive models. Journal of Abnormal and Social Psychology, 1961. — 63, 575—582.
- ↑ McLeod, Saul. «Bobo Doll Experiment | Simply Psychology». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Bandura, A.; Ross, D.; Ross, S. A. (1961). "Transmission of aggression through the imitation of aggressive models". Journal of Abnormal and Social Psychology. 63 (3): 575–582. doi:10.1037/h0045925. PMID 13864605.
- ↑ 4,0 4,1 Hock, Roger R. (2009). Forty Studies that Changed Psychology (6th ed.). Upper Saddle River, NJ: Pearson Education.
- ↑ Bandura, A. (1965). "Influence of models' reinforcement contingencies on the acquisition of imitative responses". Journal of Personality and Social Psychology. 1 (6): 589–595. doi:10.1037/h0022070.
- ↑ Martyn Shuttleworth, « Bobo Doll Experiment - Learning From Role Models » [archive], sur explorable.com (consulté le 9 novembre 2016).
- ↑ 7,0 7,1 «Трансляция агрессии через имитацию модели агрессивного поведения». www.psychologos.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Sharon, Tanya; Woolley, Jacqueline D. (2004). "Do monsters dream? Young children's understanding of the fantasy/reality distinction". British Journal of Development Psychology. 22 (2): 293–310. doi:10.1348/026151004323044627.
- ↑ Bandura, A.; Ross, D.; Ross, S. A. (1963). "Imitation of film-mediated aggressive models". Journal of Abnormal and Social Psychology. 66 (1): 3–11. doi:10.1037/h0048687.
- ↑ Rosenbaum, M. E., & Dercharms, R. Direct and vicarious reduction of hostility. // J. abnorm. soc. Psychol. — 1960. — № 60. — С. 105-111.
- ↑ Fauls, L.B., Smith, W. D. Sex-role learning of five-year olds. // J. genet. Psychol. : журнал. — 1956. — № 89. — С. 105-117.
- ↑ Kendra Cherry, « What Does the Bobo Doll Experiment Reveal About Kids and Aggression? », Verywell, 15 avril 2016
Գրականություն
խմբագրել- Bandura, Albert, Ross, Dorothea, & Ross, Sheila A. Transmission of aggressions through imitation of aggressive models. Journal of Abnormal and Social Psychology, 1961. — 63, 575—582.
- A. Bandura & R.H. Walters (1959). Adolescent Aggression, New York, NY, USA:Ronald Press.
- A. Bandura, (1962) Social Learning through Imitation, Lincoln, NE, USA:University of Nebraska Press.
- Bandura, A., & Walters, R. (1963). Social learning and personality development. New York: Holt, Rinehart and Winston
- A. Bandura (1975) Social Learning & Personality Development, New York, NY, USA:Holt, Rinehart & Winston.
- A. Bandura (1976) Social Learning Theory. New Jersey, USA: Prentice-Hall.
- A. Bandura (1986) Social Foundations of Thought and Action.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2018 թվականի հունվարի 25-ի օրվա հոդված: |