Գիպսային կապակցանյութեր

Գիպսային կապակցություններ, օդային կապակցանյութեր, որոնց հիմքը կալցիումի կես մոլեկուլ բյուրեղաջուր պարունակող սուլֆատն է կամ կալցիումի անջուր սուլֆատը (անհիդրիդային կապակցանյութեր)։ Ըստ ջերմային մշակման պայմանների, ինչպես նաև կապակցման ու պնդացման արագության բաժանվում են 2 խմբի, ցածրաթրծման (արագ կապակցվող ու պնդացող)՝ շինարարական ու կաղապարման գիպս, բարձրամուր գիպս, գիպսացեմենտապոզոլանային կապակցանյութեր, և բարձրաթրծման (դանդաղ կապակցվող ու պնդացող)՝ անհիդ- րիտային ցեմենտ, բարձրաթրծման գիպս՝ Էստրիխգիպս։ Շինարարական գիպսը ստանում են մանրացրած կամ նախապես փոշիացրած բնական գիպսը (գիպսաքարը) եփման կաթսաներում, պտտվող վառարաններում և այլ տեխնոլոգիական տեղակայանքներում՝ 140-190°С ջերմաստիճանում ջերմային մշակման ենթարկելով։ Օգտագործվում է գիպսային շինվածքների արտադրման, սվաղման և շարվածքային աշխատանքների համար։ Կաղապարման և բարձրամուր գիպսերը ստանում են նույն եղանակով, ինչ շինարարականը, սակայն ավելի մաքուր հումքից։ Ունեն բարձր ամրություն, օգտագործվում են խեցեգործության մեջ և արտադրություններում՝ կաղապարների ու մոդելների պատրաստման համար ևն։ Գիպսացեմենտապոզոլոնային կապակցանյութերը (առաջարկել է սովետական գիտնական Ա. Վ. Վոլժեևսկին) ստանում են շինարարական գիպսը կամ գիպսային այլ կապակցանյութերը պորտլանդցեմենտի և հիդրավլիկական թթու հավելանյութերի հետ խառնելով։ Դրանցից պատրաստված շինվածքներն ունեն համեմատաբար ավելի փոքր պլաստիկ ձևափոխություններ։ Անհիդ֊րիտային ցեմենտը պատրաստում են շինարարական գիպսը 600-700 °C ջերմաստիճաևում թրծելով, հետագայում մանրացնելով պնդացնող կատալիզատոր հավելանյութերի (օրինակ, կրի) հետ մեկտեղ։ Օգտագործվում է շինարարական շաղախներ, բետոններ, արհեստական մարմար և այլն պատրաստելու համար։ Էստրիխգիպսը ստանում են բնական գիպսը 800-1000 °C ջերմաստիճանում թրծելով՝ հետագա նուրբ մանրացմամբ։ Օգտագործվում է նույն նպատակներով, ինչ անհիդրիտային ցեմենտը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 74