Գալձագ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), XIII դ. հայ ճարտարապետ, քանդակագործ։

Գալձագ
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Ճյուղ(եր)ճարտարապետություն

Կենսագրություն խմբագրել

Գալձագը աշխատել և ստեղծագործել է Գեղարդավանքում։ 13-րդ դարի կեսից, երբ Պռոշ Խաղբակյան իշխանը, Գեղարդավանքը գնելով Զաքարյաններից, սկսել է վիմափոր շենքերի կառուցումը, Գալձագը հավանաբար, եղել է այդ կառույցների գլխավոր ճարտարապետը և շինարարության ղեկավարը։

1240-ական թվականներին կերտել է Գեղարդի վանքի առաջին ժայռափոր եկեղեցին։ Հուշարձանն ամբողջովին ներքանդակված է ժայռի մեջ, դեռևս հեթանոսական ժամանակներից պաշտվող աղբյուրի վրա։ Խաչաձև հատակագծով (առանց հարավային թևի) հորինվածքը վերևում ավարտվում է երկու զույգ փոխհատվող կամարների վրա բարձրացող շթաքարակազմ երդիկով։ Ճարտարապետի անունը հիշատակող արձանագրությունը («Զվարդպետս Գալձագ յիշեցէք») երդիկի հյուսիսային ու արևելյան նիստերին է։ Եկեղեցին ունենալով վերգետնյա կառուցվածքին բնորոշ առանձնահատկություններ, բավական ինքնատիպ է ճարտարապետությամբ։ Կառույցն իր ձևերով, բարձրարվեստ հարդարանքով առնչվում է վանքի մյուս վիմափոր կառույցներին, ենթադրվում է, որ դրանց հեղինակը ևս Գալձագն է։ Գեղարդավանքի բոլոր գլխավոր վիմափորերը, իրենց մեջ ամփոփելով XIII դարի հայկական ճարտարապետության ու քանդակագործության ձեռքբերումները, նույն մեծ վարպետի՝ Գալձագի տաղանդի ինքնատիպ կնիքն են կրում։ Շուրջ 40 տարվաաշխատանքով ու ստեղծագործությամբ Գալձագը Գեղարդավանքի ճարտարապետությունը հարստացրել է նաև վիմափոր արվեստի բարձրարժեք հուշարձաններով, պաշտամունքային անշուք այրերով հարուստ նախկին Այրիվանքում ստեղծել է քրիստոնեական վերգետնյա տաճարներին համազոր ժայռամեջ կերտվածքներ, Հայաստանի ժայռափոր ճարտարապետությունը հասցրել կատարելության, ստեղծել այդ արվեստի հայկական ճարտարապետական դպրոցը։

Գրականություն խմբագրել

  • Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Երևան, 1963։
  • Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 1, Վաղ-պատ, 1928, էջ 101։
  • Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963, էջ 86-89։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 656