Բուպրենորֆին

քիմիական միացություն

Բուպրենորֆին (անգլ.՝ Buprenorphine, ռուս.՝ Бупренорфин), թեբաինի ափիոնային տիպի կիսասինթետիկ ածանցյալ։ Այն օփիոիդային ընկալիչների նկատմամբ խառն ազդեցությամբ ագոնիստ-անտագոնիստ է, որը մեծ դեղաչափերով օգտագործվում է ափիոնային կախվածությամբ տառապող հիվանդների բուժման նպատակով։ Ոչ ափիոնային կախվածությամբ տառապող անձանց դեպքում այն փոքր դեղաչափերով օգտագործվում է ուժեղ ցավը մեղմելու, իսկ քրոնիկական ցավերի դեպքում՝ անգամ ավելի փոքր դեղաչափերով այդ ցավերը կառավարելու նպատակով[1]։ Այն հասանելի է տարբեր անվանումներով՝ Սուբուտեքս, Սուբոքսոն, Զուբսոլվ (հիմնականում գործածվում է ափիոնային կախվածության ժամանակ), Տեմգեսիք (ուժեղ ցավի մեղմման ենթալեզվային հաբեր), Բուպրենեքս, Նորսպան և Բուտրանս (տրանսդերմալ (մաշկի վրա բացվածք անելու միջոցով) դեղորայք քրոնիկական ցավերի համար)[2]։

«Բուպրենորֆին»
Առևտրային անվանում՝ Բուպրենեքս, Սուբուտեքս, Սուբոքսոն, Բուտրանս, Քիմիական անվանումը՝ (2S)-2-[(5R,6R,7R,14S)-9α-Ցիքլոպրոպիլմեթիլ-4,5-էպոքսի-6,14-էթանո-3-հիդրոքսի-6-մեթօքսիմորֆինան-7-իլ]-3,3-դիմեթիլբութան-2-օլ, Քիմիական բանաձևը՝ C29H41NO4, Մոլեկուլային զանգվածը՝ 467.64 գ/մոլ, Գործածման եղանակները` ներերակային ներարկում, ներմկանային, ենթալեզվային, մաշկի միջոցով, բերանի միջոցով

Բազմաթիվ երկրներում կիրառվում է ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց տրամադրվող փոխարինող բուժման նպատակով՝ որպես ավելի անվտանգ փոխարինող միջոց, քան մեթադոնն է։ Փոխարինող բուժման մեջ առավել լայն կիրառման համար սահմանափակող գործոն է հանդիսանում բուպրենորֆինի թանկ գինը (ըստ գնահատումների՝ ավելի քան 10 անգամ թանկ է մեթադոնից

Պատմություն խմբագրել

1969 թվականին Ռեքիթ և Քոլմանի (ներկայումս՝ Reckitt Benckiser) հետազոտողներն արդեն իսկ ծախսել էին շուրջ 10 տարի ափիոնային այնպիսի միացություն ստեղծելու համար, որն ավելի կայուն կլիներ, քան մորֆինը և միևնույն ժամանակ չէր ունենա վերջինիս կողմնակի ազդեցությունները։ Ռեքիթը հաջողության հասավ, երբ հետազոտողները սինթեզեցին RX6029-ը, որի փորձարկումները կենդանիների վրա ցույց տվեցին, որ այն ավելի քիչ է կախվածություն առաջացնում։ RX6029-ը անվանվեց բուպրենորֆին և սկսեց կիրառվել մարդկանց կողմից 1971 թվականին[3][4]։ 1978 թվականին Մեծ Բրիտանիայում տրվեց բուպրենորֆինի մեկնարկը որպես ներարկման միջոց ուժեղ ցավի դեմ, իսկ 1982 թվականին շրջանառության մեջ մտավ ենթալեզվային օգտագործման բուպրենորֆինը։

ԱՄՆ-ում 2002 թվականի հոկտեմբերին բուպրենորֆինը (Սուբուտեքս) և նալոքսոնի հետ բուպրենորֆինը (Սուբոքսոն) Միացյալ նահանգների սննդի և թմրամիջոցների վարչության կողմից հաստատվեցին որպես ափիոնային կախվածության բուժման միջոցներ[5]։ Դրանից հետո յուրաքանչյուր բժիշկ բուպրենորֆինի օգնությամբ արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում կարող էր բուժել ափիոնային կախվածությամբ տառապող 100 հիվանդի[6]։

Եվրոպական Միությունում բուպրենորֆինի բարձր դոզավորմամբ ենթալեզվային օգտագործման դեղահաբերը՝ Սուբուտեքսը և Սուբոքսոնը, թույլատրեցին օգտագործել որպես ափիոնային կախվածության բուժման միջոցներ 2006 թվականի սեպտեմբերին[7]։

Վերջին տարիներին եվրոպական երկրներում բուպրենորֆինը՝ որպես տրանսդերմալ դեղամիջոց (ապրանքանշված Transtec՝ Տրանստեք անվանման ներքո), օգտագործվում է քրոնիկական այնպիսի ցավերի դեմ, որոնք չեն արձագանքում ոչ օփիոիդային միջոցներին։

Ներկայումս բուպրենորֆինը գործնական կիրառություն ունի բժշկության մեջ՝ որպես ցավազրկող միջոց։ Մի շարք երկրներում (Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա և այլն) կիրառվում է նաև որպես ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց տրամադրվող փոխարինող բուժման միջոց։ Բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, ապօրինի բուպրենորֆինի ներարկային եղանակով օգտագործումը տարածված է, բայց ոչ մեծ չափերով՝ մատչելի չլինելու պատճառով։

Սինթեզ խմբագրել

Բուպրենորֆինի սինթեզը հետևյալն է.

 

Ֆիզիկական և քիմիական հատկություններ խմբագրել

Բուպրենորֆինը թեբաինի կիսասինթետիկ (կիսաարհեստական) նմանակն է[8], որը շատ մեծ դժվարությամբ է լուծվում ջրում և միևնույն ժամանակ լուծելի է սպիրտում։ Լույսի առկայության դեպքում այն քայքայվում է։ Բուպրենորֆինն իրենից ներկայացնում է սպիտակ բյուրեղային փոշի։

Ազդեցություն խմբագրել

Բուպրենորֆինի օգտագործման հետևանքները և ազդեցությունը օրգանիզմի վրա նման է այլ օփիոիդների գործածման հետևանքներին և ներառում է՝ սրտխառնոց և փսխում, քնկոտություն, գլխապտույտ, գլխացավ, հիշողության կորուստ, ճանաչողական և նյարդային արգելակում, քրտինք, քոր, բերանի չորություն, օրթոստատիկ հիփոթենզիա, սերմնաժայթքման բարդություններ, սեռական ակտիվության նվազում, միզարձակման դժվարացում։ Կենտրոնական նյարդային համակարգի և փորկապության խնդիրներն ավելի հազվադեպ են, քան մորֆինի դեպքում[9]։

Բուպրենորֆինի օգնությամբ բուժումը կարող է հանգեցնել կախվածության առաջացման։ Այն ունի դանդաղ սկիզբ, մեղմ ընթացք և շատ երկարատև ազդեցություն՝ 24-ից մինչը 60 ժամ[10]։

Ի տարբերություն մեթադոնի՝ բուպրենորֆինի երկարատև օգտագործումը շատ ուժեղ ազդեցություն չունի տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի վրա, այդ իսկ պատճառով հաճախ չի հանգեցնում սեռական բացասական հետևանքների[11]։

Գրականություն խմբագրել

  • Linhardt K, Ravn C, Gizurarson S, Bechgaard E. Intranasal absorption of buprenorphine-in vivo bioavailability in sheep. Int J Pharm 2000; 205(1-20)։ 159-63

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rossi, S, ed. (2013). Australian Medicines Handbook (2013 ed.). Adelaide: The Australian Medicines Handbook Unit Trust
  2. Martindale: The Complete Drug Reference. London, UK: Pharmaceutical Press. 14 January 2014 - https://www.medicinescomplete.com/mc/martindale/current/login.htm?uri=https%3A%2F%2Fwww.medicinescomplete.com%2Fmc%2Fmartindale%2Fcurrent%2Fms-19995-d.htm
  3. Campbell N. D., Lovell A. M. (2012). "The history of the development of buprenorphine as an addiction therapeutic". Annals of the New York Academy of Sciences 1248: 124–139.
  4. Louis S. Harris, ed. (1998). Problems of Drug Dependence, 1998: Proceedings of the 66th Annual Scientific Meeting, The College on Problems of Drug Dependence, Inc-http://rzbl04.biblio.etc.tu-bs.de:8080/docportal/servlets/MCRFileNodeServlet/DocPortal_derivate_00001868/NIDA179.pdf
  5. Suboxone and Subutex Approval Letter - http://www.accessdata.fda.gov/drugsatfda_docs/appletter/2002/20732,20733ltr.pdf
  6. http://naabt.org/30_patient_limit.cfm/
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  8. Heel RC, Brogden RN, Speight TM, Avery GS (February 1979). "Buprenorphine: a review of its pharmacological properties and therapeutic efficacy.". Drugs 17 (2): 81–110.
  9. Budd K, Raffa RB. (eds.) Buprenorphine – The unique opioid analgesic. Thieme, 200
  10. "About Buprenorphine Therapy". Substance Abuse and Mental Health Services Administration - http://buprenorphine.samhsa.gov/about.html Արխիվացված 2014-12-15 Wayback Machine
  11. Bliesener, N., Albrecht, S., Schwager, A., Weckbecker, K., Lichtermann, D., Klingmuller, D. (17 May 2004) - http://press.endocrine.org/doi/full/10.1210/jc.2004-0929(չաշխատող հղում)