Բովանդակություն և ձև, գրական-գեղարվեստական ստեղծագործության` անխզելիորեն իրար հետ կապված կողմերը։

Բովանդակություն խմբագրել

Գեղարվեստական երկի բովանդակությունը իրականության այն երևույթներն են, որոնք պատկերվել և գնահատվել են որոշակի գաղափարական դիրքերից։ Հետևաբար, բովանդակության մեջ մտնում են և՛ նրա մեջ արտացոլված կենսական փաստերն ու հարցերը, այսինքն` ստեղծագործության թեման, և՛ նրա մեջ արտահայտված գնահատականներն ու ընդհանրացումները, այսինքն՝ գաղափարը։ Այսպիսով, գեղարվեստական ստեղծագործության բովանդակությունը նրա թեմայի և գաղափարի միասնությունն է կամ՝ թեմատիկ-գաղափարական հիմքը։

Ձև խմբագրել

Գեղարվեստական ձևը պատկերման և արտահայտչական այն բոլոր միջոցների ամբողջությունն է, որոնք ծառայում են բովանդակության մարմնավորմանը։ Թեման և գաղափարը գեղարվեստական իրացում են գտնում կերպարների, նկարագրությունների, դեպքերի և այդ ամենի միավորման եղանակների մեջ։

Գեղարվեստական ձևի հասկացության մեջ, նախ, մտնում է տվյալ երկի կոմպոզիցիան, այսինքն՝ նրա բազմազան պատկերների, մասերի դասավորությունը, փոխադարձ կապն ու կառուցվածքը։ Պատմողական և դրամատիկական երկերում բովանդակության մարմնավորման կարևորագույն միջոցներից մեկը դեպքերի ընթացքն է, նրանց շաղկապման և զարգացման արվեստը (սյուժե)։ Ձևի մասին խոսելիս պետք է անպայման նկատի ունենալ տվյալ ստեղծագործության լեզվի և ոճի բնորոշ գծերը, ինչպես նաև՝ ժանրային առանձնահատկությունները (այսինքն այն, թե այդ երկի մեջ ինչպես են արտահայտվել վեպի, պոեմի, կատակերգության կամ մեկ այլ ժանրի բնորոշ գծերը)։ Իսկ չափածո ստեղծագործության մեջ այդ բոլորին ավելանում են նաև նրա տաղաչափական կառուցվածքի՝ ռիթմի, բանաստեղծական չափի, հանգավորման, բանաստեղծական հնչյունաբանության յուրահատկությունները։

Ամփոփում խմբագրել

Գրական-գեղարվեստական ստեղծագործության բովանդակությունն ու ձևը կազմում են անխզելի միասնություն։ Դրանք անհնար է բաժանել իրարից։

  Երբ ձևը բովանդակության արտահայտությունն է,-գրել է Վ. Գ. Բելինսկին,-դրանք այնքան սերտորեն կապված են միմյանց հետ, որ անջատել ձևը բովանդակությունից` նշանակում է ոչնչացնել բուն բովանդակությունը, և, ընդհակառակը, անջատել բովանդակությունը ձևից` նշանակում է ոչնչացնել ձևը։  


Այդ միասնության մեջ առաջնությունը պատկանում է բովանդակությանը. թեման և գաղափարն են պայմանավորում գրական երկի պատկերների բնույթը, մասերի դասավորությունն ու կառուցվածքը, ժանրի ընտրությունը, լեզվի և տաղաչափության յուրահատուկ գծերը։ Իր հերթին՝ գեղարվեստական ձևի կատարելության աստիճանից խոշոր չափով կախված է այն, թե որքանով խոր և տպավորիչ կբացահայտվի երկի բովանդակությունը։ Բարձրարժեք ստեղծագործության մեջ գաղափարն ու թեման մարմնավորվում են կատարյալ ձևի մեջ։

Աղբյուրներ խմբագրել

  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 58