Բոուդենի ճերմակաթիթեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Ճերմակաթիթեռներ
Տեսակ Բոուդենի ճերմակաթիթեռ
Լատիներեն անվանում
Artogeia bowdeni


Բոուդենի ճերմակաթիթեռ (լատին․՝ Artogeia bowdeni), ճերմակաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

17-20 մմ առջևի թևի երկարությամբ միջին չափի թիթեռ է։ Արուների թևերը սպիտակ են՝ գագաթնամասի թեթևակի մգացումով, իսկ էգերինը՝ մինչև ջղերի դիսկալ մասը մուգ հիմնային փոշեծածկով։ Թիթեռի հետին թևերի ստորին մասը դեղնակիտրոնագույն է՝ մոխրագույն կանաչ հիմնային փոշեծածկով, առջևի թևերը մաքուր սպիտակ են, ապեքսի գագաթը՝ կիտրոնագույն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Հյուսիսարևելյան Թուրքիայում։ Հայաստանում հայտնի է միայն Արագած լեռան ժայռային հատվածից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է Ժայռային գոտու մեկուսացած ալպյան բացատներում` ծովի մակարդակից 2900–3200 մ բարձրության վրա։ Տալիս են մեկ սերունդ՝ հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը։ Հարսնյակները ձմեռում են։ Ձվադրում են Arabis caucasica բույսի տերևների վրա[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող։

Թվաքանակի փոփոխության միտումները բավականաչափ բարձր են` տարբեր տարիներին զգալի տատանումներով տարբեր տարիներին։

Վտանգման հիմնական գործոններից է՝ անասունների գերարածեցում և կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հետևանքով դրա` լանջով ի վեր տեղաշարժմամբ պայմանավորված ալպյան գոտու մակերեսի կրճատում։

Պահպանվում է «Արագածի ալպյան» արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.