Բողոքի ակցիաներ Կատալոնիայում (2019)

Կատալոնիայում (2019) բողոքի ակցիաներ են սկսվել մի շարք կատալոնացի քաղաքական առաջնորդների դատավճիռների հրապարակումից հետո, որոնք պաշտպանել են Իսպանիայից տարածաշրջանի անջատման գաղափարը։ Հոկտեմբերի 16-18-ին ցուցարարները անցկացրել են այսպես կոչված «Ազատության երթեր»՝ զանգվածային ակցիաներ՝ ի պաշտպանություն անկախության շարժման և դատապարտված քաղաքական գործիչների։

Բողոքի ակցիաներ Կատալոնիայում (2019)

Նախապատմություն խմբագրել

2017 թվականի հոկտեմբերին Կատալոնիայում հանրաքվե Է անցկացվել, որտեղ մեծամասնությունը քվեարկել Է Իսպանիայի կազմից դուրս գալու օգտին։ Մեկ ամիս անց Կատալոնիայի խորհրդարանը անկախության մասին բանաձև է ընդունել, սակայն հանրաքվեի արդյունքները Իսպանիայի պաշտոնական իշխանությունները չեն ճանաչել։ 2019 թվականին Կատալոնիայի անջատման օգտին հանդես եկող որոշ քաղաքական գործիչների դեմ ռեպրեսիաներ են սկսվել։ Կատալոնիայի ինը առաջնորդների Գերագույն դատարանը խռովության մեղադրանքով դատավճիռ է կայացրել, մի քանի ամբաստանյալներ տուգանվել են։ Ամենամեծ ազատազրկման ժամկետը ստացել է գեներալիտետի նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը. նրան դատապարտել են 13 տարվա ազատազրկման ապստամբության հրահրման համար[1]։ Կատալոնիայի գեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որը 2018 թվականից ապրում է Բելգիայում, դատավճիռները բարբարոսություն է անվանել[2]։

Իրադարձությունների ընթացք խմբագրել

Հոկտեմբերի 14-ին Գերագույն դատարանի կողմից դատավճիռների կայացումից հետո անկարգություններ են սկսվել, որոնք ուղեկցվել են ճանապարհների և երկաթուղիների փակմամբ[3]։ Ցուցարարները փորձել են խոչընդոտել Բարսելոնայի Էլ Պրատտա օդանավակայանի աշխատանքը։ Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել՝ օգտագործելով մահակներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ։ Ըստ տվյալների՝ միայն Բարսելոնայում բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 40 հազար մարդ[1]։

Հոկտեմբերի 16-ի դրությամբ եղել են 125 տուժածներ և 51 ձերբակալվածներ[4]։

Ինքնավարության կառավարության ղեկավար Կիմ Տորեն «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունից, որը գլխավորում Է Պուչդեմոնը, սկզբում պաշտպանել է ցուցարարներին։ Նա կողմ է արտահայտվել հանրաքվեի կազմակերպիչներին դատապարտած համաներմանը։ Բացի այդ, Տորեն հիշեցրել է իր կուսակցության վաղեմի գաղափարի մասին, ըստ որի՝ անկախության մասին նոր հանրաքվե կանցկացվի 2020 թվականին։ Սակայն արդեն հոկտեմբերի 16-ին հեռուստաուղերձում նա դատապարտել է ցուցարարների և ոստիկանության բախումները[5]։

Հոկտեմբերի 18-ին Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է տեղի ունեցել, որը կազմակերպել են ուսանողական և աշխատանքային արհմիությունները։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ Բարսելոնայի ինքնավարության մայրաքաղաքի փողոցներում հավաքվել է ավելի քան կես միլիոն քաղաքացի[5]։ Դրանից հետո Իսպանիայի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ գործադուլի օրը 101 ոստիկան և 89 ցուցարար է տուժել, 83 մարդ ձերբակալվել է[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել