Բժշկարան ձիո և առհասարակ գրաստնո

ձեռագիր

«Բժշկարան ձիո և առհասարակ գրաստնո», 14-րդ դարի ձեռագիր՝ անասնաբուժության և մասնավորապես ձիաբուժության մասին։

Բժշկարան ձիո և առհասարակ գրաստնո
Տեսակձեռագիր

Պատմություն խմբագրել

Կազմել է ասորի բժիշկ Ֆարաջը՝ գրիչ Թորոս քահանայի օժանդակությամբ՝ արաբական աղբյուրների հիման վրա՝ Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սսում՝ Սմբատ (1296-1298) արքայի հրամանով։ Բայց հայերեն ձեռագիրը բնագրի նույնական թարգմանությունը չէ, այլ նմանօրինակ տարբեր աղբյուրներից կազմված համառոտ ձեռնարկ։

Տպագրվել է 1980 թվականին Երևանում՝ Բ. Չուգասզյանի աշխատասիրությամբ։ Բաղկացած է ներածությունից, բուն տեքստից (բնագրային մի քանի նկարներով), հավելվածից, մատենակից բառարանից, ունի ռուսերեն ամփոփում, բնագրում հիշատակվող հիվանդությունների ու դեղերի ցանկեր։

Ձեռագիրը դեռևս 1906 թվականին Թավրիզում նկարագրել է Հ. Աճառյանը։ 1971 թվականին (մինչ այդ համարվել է կորած) այն հայտնաբերվել է լոսանջելեսաբնակ Զարեհ Սարաջյանի մոտ։ Լեզուն հարուստ է բազմաթիվ նոր բառերով, բառաբարդություններով, անասնաբուժական տերմիններով և բուսանուններով։

«Բժշկարան ձիոյ....»-ի հայերեն թարգմանությունը վկայում է, որ միջնադարում Հայաստանի անասնաբույժները ծանոթ են եղել Հին Արևելքի անասնաբուժական նվաճումներին և օգտվել դրանցից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։