«Բաց կապույտ ծաղիկներ», Վահան Թոթովենցի պատմվածքներից, որի հիման վրա 1980 թվականին նկարահանվել է «Կտոր մը երկինք» ֆիլմը։ Պատմվածքը նվիրված է Ակսել Բակունցին։

Բաց կապույտ ծաղիկներ
ՀեղինակՎահան Թոթովենց
Ժանրպատմվածք
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Թորիկ, Անժել, Թուրվանտա, Գրիգոր, Սառա
ՎիքիդարանԲաց կապույտ ծաղիկներ

Սյուժե

խմբագրել

Պատմվածքը սկսվում է հնգամյա Թորիկի մոր` Սառայի հուղարկավորության տեսարանով։ Թորիկը մնում է որբ։ Նրա խնամակալությունը հանձն է առնում մորաքույրը` Թուրվանտա Քորոն, որը երկար տարիներ է ամուսնացած էր Գրիգորի հետ, բայց անզավակ էր։ Սկզբում Գրիգոր աղան դժկամությամբ է ընդունում Թորիկին որդեգրելու փաստը, սակայն ժամանակի ընթացքում սիրում է որբուկին, հատկապես, երբ հասկանում է, որ Թորիկն իրենց ոչ մի նեղություն չի պատճառում.

«Թորիկն էլ մի զարմանալի երեխա էր` ո՛չ լաց էր լինում, ո՛չ չարություններ անում, ուր որ նստեցնեին, այնտեղ էլ մնում էր, իրիկունն ինչպես պառկեցնում էին, առավոտյան այնպես էլ զարթնում էր, տային` կուտեր, չտային` չէր ուտի»[1]։

Երբ երեխան մեծացավ, մորաքրոջն ու նրա ամուսնուն օգնում էր, անում էր այն, ինչ հանձնարարում էին. Գրիգոր աղայի գնած ապրանքները տանում էր տուն, սակայն որոշ դեպքերում ձախողում էր. Մի անգամ նա այնքան էր տարված արտաքին աշխարհն ուսումնասիրելով, որ շունը տոպրակի միջից փախցրեց մսի կտորը։ Թորիկն, իհարկե, անպատիժ չմնաց. Փալանճի Գրիգորը մի ապտակ հասցրեց։

Այնուհետև Թորիկին տարան պարոն Աշուրի վարժատուն, որպեսզի տառաճանաչ դառնա։ Թորիկը սովորեց գրել, սակայն նրան կարդալ սովորել այդպես էլ չհաջողվեց, ուստի Գրիգոր աղան որոշեց նրան իր արհեստը սովորեցնել։ Սկզբում Թորիկը չէր կարողանում յուրացնել արհեստը, սակայն ժամանակի ընթացքում հաջողություններ է գրանցում։ Օրերից մի օր Փալանճի Գրիգորը մահանում է։ Թուրվանտան ու Թորիկը սգում են նրա մահը, իսկ որոշ ժամանակ անց Թուրվանտա Քորոն նախաձեռնում է ամուսնացնել Թորիկին։ Սկզբում նա բարձր խավի ընտանիքների աղջիկներին է աչքադրում, բայց բոլորից մերժում ստանալով` սկսում է խնամախոսության գնալ միջին և ցածր խավի ընտանիքներ։ Բոլորը մերժում են Թուրվանտային` ասելով, որ չեն պատրաստվում իրենց աղջկան կնության տալ մի հասարակ փալանճու։ Ի վերջո` Թուրվանտա մորաքույրը հուսալքվում և ձեռք է քաշում իր նախաձեռնությունից։

Որոշ ժամանակ անց Թորիկի մոտ է գնում իր ընկերն ու հայտնում` «Քաղաքը անառակ կիներ են եկեր...»։ Թորիկն ընկերոջ հետ գնում է հասարակաց տուն և այնտեղ հանդիպում Անժելին, որին վիճակված էր հիմնովին փոխել Թորիկի կյանքը։ Թորիկն առաջին իսկ հայացքից սիրահարվում է անառակ աղջկան ու որոշում կնության առնել։ Նրա պարզ ու անմեղ սիրո խոստովանությունը աղջկա սրտում զգացմունքեր է արթնացնում.

 
Վահան Թոթովենց

«Նա ուզում էր ասել, որ «ես քըզի կը սիրեմ», բայց նախադասությունը խեղդվեց կոկորդում և փոխանակ այդ ասելու, ասաց.

- Խնձոր կսիրի՞ս։ Երթամ քըզի համար խնձոր բերիմ»[1]:

Թորիկն Անժելին տանում է տուն և հպարտությամբ ներկայացնում մորաքրոջը։ Վերջինս, իմանալով, թե որտեղից է աղջիկը, դժկամությամբ է նրան ընդունում։ Օր օրի ավելանում են բամբասանքներն ու չարախոսությունները, սակայն Անժելն իր կենցաղավարությամբ, կենսասիրությամբ ու աշխատասիրությամբ կոտրում է բոլոր կարծրատիպերը, և հասարակությունն ընդունում է նրան։

Պատմվածքն ավարտվում է հետևյալ տողերով.

«Իսկ Անժելը, հուլիսի կեսերին, նստած տան ետևում, երկու-երեք սավան մեծությամբ պարտեզում, իր խնամած բաց-կապույտ ծաղիկների դիմաց, փոքրիկ շապիկներ էր կարում իր մանուկի համար, որ արդեն թպրտում էր սրտի տակ և հաճախ ուժգին հարվածներով խփում էր մոր փորի պատերին, որից մայրը ժպտում էր կապույտ և նվաղկոտ աչքերով։ Կյանքը Անժելի համար բաց-կապույտ ծաղիկների բույրն էր և բաց-կապույտ ծաղիկների շողը»[1]։

Գաղափարական բովանդակություն

խմբագրել

Հայ արձակի նշանավոր էջերից է «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքը։ Այս պատմվածքում հոգեբանական զարմանալի ներքնատեսությամբ Վահան Թոթովենցը հյուսում է որբ պատանու, համետագործ Թորիկի և հանրատան աղջկա՝ Անժելի մեծ սիրո պատմությունը` «հատակի» մարդկանց մեծարման ճանապարհով ժխտելով գավառական բարքերի ու նախապաշարմունքների ճնշումը մարդկային ազատ հոգիների վրա։ Իր մարդկային վարքագծի և հզոր սիրո ուժով Թորիկը «հատակից» վեր է բարձրացնում քաղքենիական կյանքի հորձանուտի մեջ տառապող Անժելին, նրա առջև բացելով երջանկության ափերը[2]։

«Ստոր արհեստի» տեր, համետագործ, որբ Թորիկը ոչ մի կերպ չի կարողանում ամուսնանալ։ Ծաղրվում և ծանակվում է նրա արհեստը, հետևաբար ոչ ոք չի ցանկանում իր աղջկան կնության տալ նրան։ Շրջապատից նեղացած և խռով Թորիկի ճանապարհը թեքվում է։ Խոցված ինքնասիրությունը մեկ կողմից և ամուսնանալու կիրքը մյուս կողմից, նրան նետում են անառականոց։ Թորիկն ապրում է մարդկային մեծ ողբերգություն, թվում է` հոգեկան ճգնաժամը նրան կնետի կյանքի ամենամութ խորխորատները, կկործանի։ Սակայն հենց անառականոցում էլ կատարվում է հոգեկան այն շրջադարձը, որ այնքան համոզիչ և խորաթափանց գրչով ընթերցողին է ներկայացնում հեղինակը։ Առաջին անգամ հանդիպելով կնոջ հետ, տեսնելով նաև, որ Անժելն ավելի դժբախտ և արհամարհված է, քան ինքը, Թորիկը նախ ապրում է կնոջ մարմնական մոտիկության գլխապտույտը, և ապա խելահեղ սիրով կապվում նրան։ Գավառական բամբասանքներն ու հալածանքները անցնում են ապարդյուն։ Թորիկն ու Անժելը երջանկանում են իրենց մեծ սիրով։ Պատմվածքը գրված է այնպիսի անմիջականությամբ, հոգեբանական այնպիսի համոզչականությամբ, որ չկա որևէ մանրամաան, որին չհավատա ընթերցողը։ Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկները» սոցիալական հենքի վրա կառուցված ստեղծագործություն է։ Հերոսները, խեղդվելով սոցիալական անհավասարության միջավայրում, այնուամենայնիվ կարողանում են գտնել այն ուղիները, որոնցով հասարակաց տան աղջիկը կարողանում է բարձրանալ ազնիվ սիրո և ընտանեկան մաքրության ոլորտները[3]։

Կերպարներ

խմբագրել
  • Թորիկ
  • Անժել
  • Թուրվանտա
  • Գրիգոր
  • Սառա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Թոթովենց, Վահան (1972). Բաց կապույտ ծաղիկներ. Երևան: Հայաստան հրատարակչություն. էջ 58.
  2. Սովետահայ գրականության պատմություն, հատոր երկրորդ. Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն. 1965. էջ 144.
  3. Մկրտիչ Սարգսյան (1972). Երևան: Հայաստան հրատարակչություն. էջեր 351–352. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)