Բացասական սենյակային ճնշում

Բացասական սենյակային ճնշում, մեկուսացման եղանակ, որը կիրառվում է հիվանդանոցներում և բժշկական հաստատություններում սենյակների միջև աղտոտված օդի տարածումը կանխարգելելու համար[1][2]։ Այն կազմված է «բացասական ճնշում» (շրջակա միջավայրի ճնշումից փոքր ճնշում) ստեղծող օդափոխիչ համակարգից, ինչը թույլ է տալիս օդի հոսք դեպի մեկուսացման սենյակ, սակայն արգելակում է օդի ելքը սենյակից, քանի որ օդային հոսանքները ուղղվում են բարձր ճնշման տարածքից դեպի ցածր ճնշման տարածք։ Այս մեխանիզմի շնորհիվ կանխվում է վարակված օդի ելքը մեկուսացման սենյակից։ Այս եղանակը կիրառվում է հետևյալ վարակիչ օդակաթիլային հիվանդություններով պացիենտների մեկուսացման ժամանակ՝ տուբերկուլյոզ, կարմրուկ, ջրծաղիկ, գրիպ, ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ (SARS-CoV), Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS-CoV) և կորոնավիրուսային հիվանդություն 2019 (COVID-19)[3][4]:

Սենյակում եղած օդը ակտիվ մղվում է դուրս, որպեսզի ստեղծվի բացասական ճնշում և դրսի օդը պասիվ կերպով մուտք գործի սենյակ:
Բացասական ճնշումով մեկուսացման սենյակ վարակիչ հիվանդություններով պացիենտների համար:

Մեխանիզմ

խմբագրել
 
Սենյակների համակարգի սխեմատիկ պատկեր, որտեղ օդը (կապույտ սլաք) տեղափոխվում է մեկ ուղղությամբ՝ միջանցքից դեպի բացասական ճնշումով սենյակ (կանաչ): Աղտոտված օդն անվտանգ կերպով հեռացվում է տարածքից օդափոխիչ համակարգի միջոցով:

Բացասական ճնշում ստեղծվում և պահպանվում է այնպիսի օդափոխիչ համակարգով, որը հեռացնում է ավելի մեծ քանակով օգտագործված/աղտոտված օդ, քան սենյակ մտնող օդի քանակն է։ Օդը, որպես կանոն, մուտք է գործում սենյակ դռան տակ եղած տարածությամբ (բարձրությունը՝ մոտ 1.3 սմ)։ Այս տարածությունից բացի՝ սենյակի մնացած մասը պետք է լինի հնարավորինս անթափանց օդի համար. օդը չպետք է մուտք գործի սենյակի ճեղքերով և անցքերով, օրինակ՝ պատուհանի, լույսի աղբյուրների կամ էլեկտրականության տարրերի շուրջ տեղակայված։ Օդի անցանկալի ներհոսքն այս կետերից կարող է խաթարել կամ վերացնել սենյակի բացասական ճնշումը[1]։

Աղտոտված օդը կարող է պարունակել քիմիական նյութեր, մանրէներ կամ ռադիոակտիվ իզոտոպներ, որոնց ելքը դեպի շրջակա միջավայր անթույլատրելի է (ինչը կանխարգելելը բացասական ճնշումով սենյակի հիմնական նպատակն է), ուստի դուրս բերվող օդի ելանցքը պետք է առնվազն տեղակայված լինի այնպես, որ այլ մարդիկ կամ բնակեցված տարածքները զերծ մնան այդ օդի ազդեցությունից։ Որպես կանոն, օդը դուրս է բերվում շինության տանիքից։ Որոշ դեպքերում, օրինակ՝ խիստ վարակիչ մանրէների առկայություն կենսաանվտանգության 4-րդ մակարդակի (BSL-4) սենյակներում, օդն առաջին հերթին պետք է անցնի մեխանիկական ֆիլտրով կամ ենթարկվի ՈՒՄ ճառագայթներով, քիմիական նյութերով վարակազերծման, ինչից հետո միայն դուրս բերվում շրջակա միջավայր։ Միջուկային կայանների դեպքում դինամիկ հսկվում է օդում ռադիոակտիվ իզոտոպների պարունակությունը, իսկ արտանետումից առաջ այն, որպես կանոն, ֆիլտրվում է, ինչից հետո դուրս բերվում արտանետման երկար խողովակով ավելի մեծ բարձրությունների վրա՝ բնակեցված տարածքներից առավել հեռու։

Ծխով փորձ

խմբագրել

Ծխով փորձը կիրառվում է սենյակում բացասական ճնշման առկայությունը ստուգելու նպատակով[5]։ Ծուխ պարունակող խողովակը մոտեցվում է բացասական ճնշմամբ սենյակի դռան ստորին հատվածին՝ դրանից մոտ 5 սմ հեռավորության վրա։ Խողովակը զուգահեռ պահելով դռանը՝ բաց ենք թողնում ծխի փոքր քանակություն։ Կարևոր է ծուխը դանդաղ բաց թողնելը, որպեսզի դրա արագությունը չգերազանցի օդի ներս մտնելու արագությունը։ Եթե սենյակում հաստատված է բացասական ճնշում, ապա ծուխը, դռան տակ եղած տարածությամբ անցնելով, կհայտնվի սենյակում։ Եթե սենյակում բացասական ճնշում չկա, ապա ծուխը կտարածվի սենյակից հեռու կամ կմնա նույն տեղում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Negative Room Pressure to Prevent Cross-Contamination Արխիվացված 2016-03-10 Wayback Machine, Clean Air Solutions, Camil Farr, Retrieved 2010-03-10.
  2. Isolation Rooms & Pressurization Control Արխիվացված 2010-03-04 Wayback Machine, Penn State Department of Architectural Engineering, © 2008 The Pennsylvania State University. Retrieved 2010-03-10.
  3. Negative Pressure Isolation Rooms & Tuberculosis (TB) Isolation Rooms Արխիվացված 2014-01-17 Wayback Machine, AirMont Inc. Retrieved 2010-03-10.
  4. P. N. Hoffman, a, M. J. Weinbrenb and S. A. Stuartc. A practical lesson in negative-pressure isolation ventilation.. Journal of Hospital Infection. Volume 57, Issue 4, August 2004, Pages 345-346.
  5. Title: Negative Pressure Isolation Rooms Արխիվացված 2019-02-25 Wayback Machine, Minnesota Department of Corrections, Issue date 2007-07-03. Retrieved 2010-03-12.