Բանդաժ (աղեկապ), հարմարանք, որի օգնությամբ կանխում են որովայնի խոռոչի օրգանների արտանկումը ճողվածքային դռներով, ամրացնում որովայնային մամլակը և բնականոն դիրքում պահում իջնող ներքին օրգանները։

Տեսակներ խմբագրել

Ըստ նշանակության՝ տարբերում են կանխարգելիչ (բանդաժ-որովայնակալ, նախածննդյան և հետծննդյան), բուժիչ, ինչպես նաև ճողվածքային բանդաժներ։

Կանխարգելիչ բանդաժ խորհուրդ է տրվում կրել հղիության ժամանակ և ծննդաբերությունից հետո՝ կապված որովայնի (հատկապես թուլացած մկանունքով կանանց) պատի չափից ավելի ձգվածության հետ։ Օգտագործում են նաև որովայնի խոռոչի ծավալուն վիրահատությունների դեպքում՝ որովայնի պատի ճողվածքը կանխելու նպատակով։

Նախածննդյան բանդաժը լայն, կողքից կոճկվող, ամուր գործվածքից պատրաստված գոտի է։ Չափսը ընտրում են կոնքի շրջագծի երկարությամբ, քուղերի օգնությամբ այն կարելի է ավելացնել՝ պտղի մեծությանը համապատասխան։ Բանդաժը հագնում են առավոտյան, անկողնում պառկած՝ կոնքը թեթևակի բարձրացնելով։ Քուղերը կապում են ներքևից՝ որովայնը չափից ավելի չձգելով։ Ճիշտ հագած բանդաժը հարմար է, թեթևացնում է քայլելը։

Հետծննդյան բանդաժը նախածննդյանից երկար է։ Այն նույնպես հագնում են անկողնում պառկած։ Կարելի է կրել 3 ամսից ոչ ավելի, որպեսզի որովայնի մկանները չթուլանան։

Բուժիչ բանդաժն օգտագործում են բժշկի նշանակմամբ՝ ներքին օրգանների (օրինակ՝ ստամոքսի, աղիքների, երիկամների) իջվածքի ժամանակ։ Դա, այսպես կոչված, ցածր բանդաժն է։ Դրանք պատրաստվում են հատուկ արհեստանոցներում, անհատ պատվերով։ Որովայնի կամ գոտկատեղի որևէ հատվածի վրա բանդաժի սեղմումը կարելի է ուժեղացնել լրացուցիչ քուղերով և ռետինե երիզներով։ Բանդաժը հագնում են պառկած՝ կոնքը բարձրացնելով։ Բուժիչ բանդաժը պահանջում է բժշկական խիստ հսկողություն՝ կապված շփաբորբի, պառկելախոցերի, շնչառության դժվարացման հնարավոր առաջացման հետ։

Ճողվածքային բանդաժ կրում են միայն ուղղվող ճողվածքների ժամանակ՝ որոշակի ժամկետում, երբ այս կամ այն պատճառով վիրաբուժական միջամտությունն անհնար է։ Ճողվածքային բանդաժը փափուկ կաշվից կարած, ճողվածքային դռների վրա սեղմող պողպատե զսպանակավոր թիթեղ է՝ հատուկ բարձիկներով։ Տարբերում են աջակողմյան, ձախակողմյան և երկկողմանի բանդաժներ։ Դրանք ընտրում են անհատականորեն, բժշկի հսկողությամբ։ Բանդաժը հագնում են միայն պառկած՝ ճողվածքի արտափքվածքն ուղղելուց հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։