Բազումի երկաթի հանքավայր
Բազումի երկաթի հանքավայր, հանքավայր Հայաստանի Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան լանջին։ Հետմագմայական, ջրաջերմային, սկառնային մագնետիտային հանքավայր է։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են առավելապես միջին էոցենի հրաբխածին, հրաբխածին-նստվածքային և փոխակերպված առաջացումները, խորքային հրային ապարները (դիորիտներ, գաբրոդիորիտներ, քվարցային դիորիտներ, գրանոդիորիտներ, մոնցոնիտներ), դրանց երակային տարբերակները, անթրոպոգենի նստվածքները։ Հանքանյութը ներկայացված Է երկաթաբեր սկառներով՝ կազմված հիմնականում նռնաքար, պիրոքսեն, մագնետիտ, պլագիոկլազ, քիչ քանակությամբ՝ էպիդոտ, սկապոլիտ և կալցիտ միներալներից։ Առանձնացվում են ավելի քան 12 ոսպնյակաձև, շերտանման, երակաձև ու անկանոն բնաձև սկառնային հանքամարմիններ (երկարությունը՝ 200-450, երբեմն՝ 800-1200 մ, հաստությունը՝ 10-47 մ)։ Հետախուզված արդյունաբերական պաշարները 150 միլիոն տ են՝ 31% Fe-ի միջին պարունակությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |