Բագինեթ, անտիկ Վրաստանի քաղաք-ամրոցներից մեկը, որը կառուցվել է մ․ թ․ ա․ 3-2-րդ դարերում։ Գտնվում է երկրի հին մայրաքաղաք Մցխեթի մոտ, Կուր գետի աջափնյա սարալանջին։ Շրջապատված է 4 կմ երկարություն և 3 մ հաստություն ունեցող ամուր պարիսպներով, որոնք ուղղանկյուն բուրգեր ունեն։ Միջնաբերդը գտնվում է քաղաքի վերնամասում և շրջապատված է ինքնուրույն պարիսպներով[1]։

Բագինեթ

Ջրամատակարարում

խմբագրել

Բագինեթն ուներ ջրամատակարարման 2 գիծ, որը բնակավայրին ապահովում էր խմելու և ոռոգման ջրերով։ Խմելու ջուր մատակարարող գիծը բերվում էր հարավից՝ մի քանի կիլոմետր երկարություն ունեցող թրծված կավի խողովակներով, իսկ ոռոգման ջուրը՝ կերամիկական տաշտաձև մասերից շարված բաց առուներով[1]։

Հուշարձաններ

խմբագրել

Բագինեթի հուշարձաններից ուշագրավը սյունազարդ դահլիճն է, որն իրենից ներկայացնում է 9 մ x 21 մ չափերի ուղղանկյուն շենք։ Ծածկը՝ երկայնական առանցքով շարված 6 սյուների վրա է կանգնած։ Ներկայումս պահպանվել են միայն քարե խարիսխներ ու խոյակներ։ Սյուները չեն պահպանվել, քանի որ փայտից էին։ Դահլիճի մուտքը՝ ճակատի կողմից։

Չորս շարք բարձրություն ունեցող պատերը շարված են կանոնավոր ձևի քարերով ու ամրացված երկաթի կապերով։ Վերնամասում շարվածքը հում աղյուսից էր։

Բագինեթի հաջորդ հուշարձանը բաղնիքն է, որը նման է Արմազիսխևի և Գառնիի բաղնիքներին[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն (խմբ. Մ․ Գ․ Գասպարյան), Երևան, «Լույս հրատարակչություն», 1978, էջ 225 — 319 էջ։