Արցախի զանգվածային լրատվության միջոցներ

ԼՂՀ ԶԼՄ, Արցախում զանգվածային լրատվություն իրականացնող լրատվամիջոցներ։

Պարբերական Մամուլ խմբագրել

Արցախում, մասնավորապես՝ Շուշիում, պարբերականներ հրատարակվել են 19-րդ դարի 70-ական թվականներից։ 1870-1920 թվականներին հրատարակվել են հասարակական, քաղաքական, կրթալուսավորչական, ազգային, կրոնական և այլ բնույթի 21 անուն թերթ ու ամսագիր, որոնցից 2-ը՝ ռազմաուսումնական։

Անդրանիկ թերթը «Հայկական աշխարհն» էր (1874)։ Հետագայում տպագրվել են «Քնար խոսնակ» (1881), «Գործ» (1882-1984), «Ծիածան» (1886), «Աշակերտական թերթ» (1896-1897), «Ազգագրական հանդես» (1896-1916), «Կռունկ» (1898-1900), «Շուշինսկի լիստոկ» (ռուսումնական, 1911), «Ղարաբաղ» (1911-1912), «Աշակերտ» (1913), «Շուշինսկայա ժիզն» (ռուսումնական, 1913-1914), «Միություն», «Միրաժ» (երկուսն էլ՝ 1913-1917), «Ղարաբաղի ձայն» (1915), «Փայլակ», «Պայքար» (երկուսն էլ՝ 1915 - 1917), «Նեցուկ», «Սրինգ», «Եռանդ» (երեքն էլ՝ 1917), «Ապառաժ» (1917 - 1919), «Արցախ» (1919), «Գյուղացիական կոմունա» (1920) և այլ պարբերականներ։

Ռադիո և հեռուստատեսություն խմբագրել

1928 թվականից գործում է Արցախի ռադիոհանգույցը, որը լուսաբանել է մարզի առօրյան, հասարա-քաղաքական, մշակութային և կրթական կյանքը, ներկայացրել հայ գրականությունն ու արվեստը, երիտասարդությանը հետաքրքրող հարցեր, Ադրբեջանում և ԽՍՀՄ-ում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։ 1988 թվականից սկսած՝ Արցախյան ազատագրական շարժումն արմատապես վերափոխել է մարզի ռադիոհաղորդումների դիմագիծը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։