Արտարժույթային համակարգ

Արտարժույթային համակարգ, դրամական հարաբերությունների կազմակերպման ձև, որը որոշվում է ապրանքային արտադրության զարգացման աստիճանով։ Ընդգրկում է ներքին դրամավարկային շրջանառությունն ու միջազգային հաշվարկների ոլորտը։ Ձևավորվում է տվյալ երկրի տնտեսության շրջանակներում, իսկ համաշխարհային կապիտալիստական շուկայի կազմավորմամբ՝ վերածվում համաշխարհային արտարժութային համակարգի։

Պատմական արտարժույթներ

20–րդ դարի սկզբին համաշխարհային կապիտալիստական Արտարժույթային համակարգը հասավ իր զարգացման բարձրագույն աստիճանին։ Նրա հիմքը ոսկին էր, որը կատարում էր փողի բոլոր ֆունկցիաները։ Զարգացած կապիտալիստական երկրներում հաստատված ոսկու ստանդարտն ապահովում էր դրամաշրջանառության կայունությունը, երկրների միջև կապիտալի անարգել հոսքն ու միջազգային հաշվարկների ազատ կատարումը, ազգային արտարժույթների անսահմանափակ փոխանակությունն ու ոսկյա կետերի սահմաններում արատարժույթի կուրսի շարժը և այլն։

Չնայած միջազգային հաշվարկների ճնշող մասը կատարվում է բանկային փոխանցումների միջոցով, առանց կանխիկ դրամի մասնակցության, սակայն ոսկին համարվում է կապիտալիստական երկրների փոխադարձ դրամական պահանջների ու պարտավորությունների վերջնական կարգավորման գլխավոր միջոցը, իսկ նրա պաշարների մեծությունը՝ արտարժույթների կայունության ու առանձին երկրների տնտեսական պոտենցիալի կարևոր ցուցանիշը։ Անկանխիկ հաշվարկների զարգացման և ոսկու անբավարարության պատճառով միջազգային վճարային շրջանառության մեջ օգտագործվում են թղթադրամները, որոնց մեջ հատկապես մեծ է ամերիկյան դոլլարի, անգլյական ֆունտ ստեռլինգի, ֆրանսիական ֆրանկի և արևմտագերմանական մարկի տեսակարար կշիռը։ Համաշխարհային կապիտալիստական Արտարժույթային համակարգում կարևոր դեր են կատարում Միջազգային արտարժույթային հիմնադրամը (ԱՄՀ) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 234