Արոտավայրի ջրամատակարարում

Արոտավայրի ջրամատակարարում, արոտավայրում գյուղատնտեսական կենդանիներին և սպասարկող անձնակազմին ջրով ապահովող միջոցառումների համալիր։

Օգտագործում խմբագրել

Արոտավայրերի արդյունավետությունից և տեղական այլ պայմաններից կախված՝ ջրելատեղ մատակարարվող ջուրն արդյունահանվում է տեղում, մոտեցվում կամ ներկրվում է։ Որպես ջրի աղբյուր՝ օգտագործվում են հիմնականում ջրհորերը։ Ստորգետնյա ջրերից զուրկ կամ դրանց որոշակի բարելավման համար մեծ ծախսեր պահանջող վայրերում օգտագործվում են բնական կամ լցովի ջրամբարներ։ Բարձրարդյունավետ արոտավայրերում, որտեղ պահվում են մեծ քանակությամբ գյուղաղտնտեսական կենդանիներ և պահանջվում է շատ ջուր, կառուցում են հարևան շրջաններից ջուրը ջրելատեղ հասցնող խողովակաշարեր։ Ջրելատեղերում տեղադրվում են բաքեր, ծորակներ, ջրման տաշտեր, երբեմն՝ պոմպեր, ինքնախմոցներ։ Ջրային պաշարներն արդյունավետ օգտագործելու, ջրի կորուստները կանխելու, որակն ապահովելու համար նպատակահարմար է ջուրը փոխադրել խողովակաշարերով։ ՀՀ-ում արոտավայրերը հիմնականում լեռնային են, ամառային, իսկ արոտավայրերի ջրամատակարարման համակարգերը բաղկացած են աղբյուրներից, խողովակաշարերից, ջրամբարներից և ջրման տաշտերից։

Տես նաև խմբագրել

Ջրարբիացում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։