Արշարունյաց դպրոցներ
Արշարունյաց դպրոցներ, գործել են V– XIV դարերում, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում։ Մեզ հայտնի գրչության հնագույն խոշոր դպրոցներ են եղել Մայրաձոր անապատն ու Սանդղկավանքը։ Հիմնադրվել են V դարում, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի աշակերտներ Թաթուլի ու Վարոսի ջանքերով։ Բուռն ծաղկում են ապրել VI դարում։ Այնտեղ ընդգրկված էին 36 ընտիր գրչագրեր։ Ուսուցանել են գրչության արվեստներ՝ աստվածաբանություն և փիլիսոփայություն։
Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Արշարունյաց դպրոցը VII դարում համարվել է «վարդապետարան հայոց...»։ Արշարունյաց իշխաններից բացի դպրոցը հովանավորել են Բագրատունիները և Կամսարականները։ Վահան Կամսարականի խնդրանքով «քաջ փիլիսոփա և նախընտիր վարդապետ» հռչակված Գրիգորիս Արշարունին VIII դարի սկզբին շարադրել է «Մեկնութիւն ընթերցուածոց» աշխատությունը։ X դարի վերջին Կարսի Աբաս թագավորը (984–1029 թվականներ) Արշարունյաց գավառում է կառուցել վանք՝ կից կառույցներով և համալրել։ Նույն դարում աչքի է ընկել Վարդկավանքի դպրոցը, վարդապետարանը վերաշինող՝ առաջնորդ Վարդիկի անունով։ Հաճախադեպ արշավակրոնավորներովնքները կործանել են մշակութային կենտրոնները, սակայն դրանցից ոչ հեռու ծաղկել են այլ կենտրոններ։ X դարի Կաղզվանի մոտ հիմնադըրվել է Կամրջաձորի դպրոցը, որն ունեցել է մոտ 300 միաբան սան։ Նշանավոր էին Սամվել Կամրջաձորեցին, նրա աշակերտներ Ստեփանոս Ասողիկը և Գևորգ Թառիճեցին (Ուռճեցին)։ XI դ. զարգացում են ապրել Մայրաձորի կամ Կանչնուտի և Սանդղկավանքի գրչության դպրոցները։ Առաջին դարից մեզ են հասել «Մողնու», «Սանդղկավանքի» և «Բեկյունց» Ավետարանները, որոնց նկարազարդումները (գրիչ և ծաղկող՝ Հովհաննես Սանդղկավանեցի) հայ մանրանկարչության արժեքավոր գործերից են։ XIV դարի հայտնի էին Հանկյունաց վանքի, Կաղզվանի և գրչության այլ դպրոցներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 109)։ |