Արմո Ծատրյան

քաղաքական գործիչ

Արմո Մարդիի Ծատրյան (մարտի 25, 1947(1947-03-25), Խնապատ, Խոջալուի շրջան), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավոր՝ Արցախի «Ժողովրդավարություն» կուսակցությունից։

Արմո Ծատրյան
Ծնվել էմարտի 25, 1947(1947-03-25) (77 տարեկան)
ԾննդավայրԽնապատ, Խոջալուի շրջան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Արմո Ծատրյանը ծնվել է 1947 թվականի մարտի 25-ին, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1965 թվականին։ 1970 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ֆակուլտետը։

1970-1971 թվականներին որպես ինժեներ-մեխանիկ աշխատել է Լեռնային Ղարաբաղի մարզային կաթի կոմբինատում[1]։

1971-1972 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1972-1976 թվականներին եղել է կաթի կոմբինատի ինժեներ-տեխնոլոգ, 1976-1980 թվականներին՝ կաթի կոմբինատի գլխավոր ինժեներ, 1980-1991 թվականներին՝ կաթի կոմբինատի տնօրեն։

Արմո Ծատրյանը ընտրվել է մարզխորհրդի պատգամավոր, ԽՄԿԿ Ստեփանակերտի քաղաքային կոմիտեի պլենումի, բյուրոյի անդամ, «Կռունկ» կոմիտեի անդամ, ապա՝ տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ։ 1989-1991 թվականներին ընտրվել է տնօրենների խորհրդի նախագահ։

1991 թվականից եղել է Լեռնային Ղարաբաղի մարզային ագրոարդյունաբերական համալիրի կոմիտեի նախագահ, մարզային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1992-1994 թվականներին՝ Լեռնային Ղարաբաղի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության և պարենամթերքների նախարար[2]։

1994-1997 թվականներին Արմո Ծատրյանը զբաղեցրել է Պաշտպանության պետական կոմիտեի Ասկերանի շրջանի լիազոր ներկայացուցչի տեղակալի պաշտոնը։

1997-2001 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարար, 2001-2005 թվականներին՝ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար, 2005 թվականին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար, 2007-2009 թվականներին՝ Արցախի Հանրապետության փոխվարչապետ, 2009-2011 թվականներին՝ գյուղատնտեսության նախարար։ 2011 թվականին Արմո Ծատրյանը եղել է Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի, վարչապետի վերահսկողության ծառայության պետ։

2012-2013 թվականներին զբաղեցրել է «Արցախ–կաթ» ՓԲԸ տնօրենի պաշտոնը։ 2013 թվականին եղել է Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի, վարչապետի վերահսկողության ծառայության պետ։

2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` մեծամասնական ընտրակարգով, թիվ 11 ընտրատարածքից։ 2015 թվականի մայիսի 21-ին ընտրվել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նահագահի տեղակալ։

Եղել է Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ, Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ է[3]։

Ամուսնացած է։ Ունի երկու զավակ։

Պագևներ խմբագրել

  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշան(Արցախի Հանրապետության նախագահի թիվ 53-Ա հրամանագիր, 30.08.2011թ.)
  • «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 200-Ա հրամանագիր, 30.08.2016թ.)
  • «Մխիթար Գոշ» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 255 հրամանագիր, 01.09.2001թ.)
  • «Անանիա Շիրակացի» մեդալ
  • «Մայրական երախտագիտություն» մեդալ
  • Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՈՐՏԵՂ ԷԼ ԱՇԽԱՏԵԼ ԵՄ, ՁԳՏԵԼ ԵՄ ՍԻՐՏ ՈՒ ՀՈԳԻ ԴՆԵԼ ԱՅԴ ՈԼՈՐՏՈՒՄ
  2. «Ծատրյան Արմո Մարդիի». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «ԾԱՏՐՅԱՆ ԱՐՄՈ ՄԱՐԴԻԻ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել