Արմեն Մարտիրոսյան (երգահան)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Մարտիրոսյան (փետրվարի 25, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգահան, կոմպոզիտոր, պրոդյուսեր[1]։
Արմեն Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | պրոդյուսեր և կոմպոզիտոր |
Կենսագրություն
խմբագրելԱրմեն Մարտիրոսյանը ծնվել է 1963 թվականի փետրվարի 25-ին, Երևան քաղաքում[2]։ 1970-1975 թվականներին սովորել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ 1980-1985 թվականներին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, եղել է Էդվարդ Միրզոյանի դասարանում[3]։ 1985-1990 թվականներին աշխատել է Երևանի գեղագիտական դաստիարակչական կենտրոնում, իսկ 1991-1992 թվականներին՝ որպես երաժշտական ղեկավար՝ Հայաստանի պետական ջազային նվագախմբում[4]։ Արմեն Մարտիրոսյանն իր երաժշտական գործունեությունը ծավալել է Հայաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Էստոնիայում, Վրաստանում, Սիրիայում և այլ երկրներում։ 1991-1995 թվականներին աշխատել է Շվեյցարիայում՝ որպես դաշնակահար, կոմպոզիտոր և գործիքավորող, իսկ 1995-1997 թվականներին Հայաստանի Երգի պետական թատրոնում աշխատել է որպես գործիքավորող։
1997-2011 թվականներին եղել է Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը։ Այդ ընթացքում նվագախումբը մասնակցել է բազմաթիվ փառատոնների, ելույթ է ունեցել աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Չիկ Կորեայի հետ։
2006 և 2010 թվականներին եղել է «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգերի երաժշտությունների հեղինակը («Without you love», «Apricot stone»)։ «Կարմիր, կապույտ, ծիրանագույն», «Հայաստանը դու ես», «Կիլիկիա» և այլ ստեղծագործությունների հեղինակ է։
2006 թվականին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Արմեն Մարտիրոսյանի «Կարմիր, կապույտ, ծիրանագույն» երգն արժանացել է «Տարվա լավագույն երգ» մրցանակին։ Որպես կոմպոզիտոր և գործիքավորող մոտ 300 ստեղծագործության հեղինակ է[5]։
Մի շարք ֆիլմերի, ներկայացումների երաժշտությունների հեղինակ է, այդ թվում՝ «Տեր Ողորմյա», «Խաթաբալադա» ներկայացումների։
Արմեն Մարտիրոսյանի հայտնի ստեղծագործություններից են նաև «Mauntain Dance», «Masisamba», «Eastern Blues» և այլն։ 2002 թվականից եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, համագործակցել է Ալ Ջարունի, Շառլ Ազնավուրի, Չիկ Կորեանի, Ջիվան Գասպարյանի, Հերբի Հենքոքի և այլ երաժիշտների հետ։
2007 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի «Արվեստի վաստակավոր գործչի» կոչման, իսկ 2008 թվականին՝ Հայաստանի «Մովսես Խորենացի» մեդալին։ 2010 թվականին մշտական բնակության համար տեղափոխվել է Կանադայի Վանկուվեր քաղաք, որտեղ աշխատում է սեփական ստուդիայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀՀ և ՌԴ մշակույթի շուրջ 60 գործիչներ կոչ են արել ազատել Ռոբերտ Քոչարյանին». Verelq News. 2019 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Zarkfoundation - Արմեն Մարտիրոսյան». zarkfoundation.com.
- ↑ «Մարտիրոսյան - Jazzarm». www.asjo.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյան. «Ես դեռևս հույս ունեմ, որ ինձ կվերադարձնեն ինձնից զավթած իմ միակ անշարժ գույքը»». www.aravot.am. 05․07․2021.
- ↑ «Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյան». www.1tv.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.