Արդյունագործություն, զարգացած ֆեոդալիզմի արհեստագործության բարձր աստիճան, արդյունաբերությանը նախորդող ձև։ Արդյունագործություն առաջացումը պայմանավորված էր ֆեոդալական արտադրողական ուժերի զարգացման և աշխատանքի հասարակական բաժանման հետագա խորացումով։ Վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում արհեստագործությունը հիմնականում զարգանում էր գյուղերում և հանդիսանում գյուղատնտեսության օժանդակ ճյուղ։ Զարգացած ֆեոդալիզմի օրոք երկրի տնտեսական կյանքում վճռական դեր էին կատարում քաղաքային արհեստները և գյուղատնտեսական արդյունքների ու հանքային հանածոների վերամշակման հիման վրա բարձրացող արդյունաբերության տեսակները։ Արդյունագործությունը հող է նախապատրաստել կապիտալիստական արդյունաբերության համար։ Հայաստանում զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (IX–XIII դդ․) արդյունաբերությունը քաղաքներում գտնվում էր բարձր մակարդակի վրա։ Արդյունագործության հիմնական ճյուղերն էին՝ մետաղագործությունը, զինագործությունը, դարբնությունը, հյուսնությունը, քարակոփությունը, ոսկերչությունը, արծաթագործությունը, եկեղեցական սպասքների, ոսկյա թելերով մետաքսյա գործվածքների, թանկարժեք գորգերի, մետաքսյա նուրբ հագուստեղենի ու զարդեղենի արտադրությունը։ Միջնադարյան Հայաստանի խոշոր քաղաքներում, հատկապես Անիում, առանձին փողոցներ և թաղամասեր կոչվել են տարբեր արհեստների անուններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։