Արա Տեր-Գրիգորյան
Արա Աշոտի Տեր-Գրիգորյան (մարտի 6, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբեր 2016), առողջապահության հայ կազմակերպիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2006): Արա Տեր-Գրիգորյանն իր գործունեությամբ նպաստել է հայրենիք-Սփյուռք կապերի հաստատմանն ու զարգացմանը։
Արա Տեր-Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 6, 1953 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբեր 2016 (63 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1977) |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2003) |
Աշխատավայր | ՀՀ ԱՆ, ՀՀ Կառավարությանն առընթեր մարմիններ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն Խմբագրել
Արա Տեր-Գրիգորյանը ծնվել է 1953 թվականի մարտի 6-ին, Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1984-1989 թվականներին աշխատանքի է գործուղվել Սևան՝ որպես շրջանային հիվանդանոցի բժիշկ, գաստրոէնտերոլոգիայի բաժնի վարիչ, ապա՝ փոխտօրեն։ Արա Տեր-Գրիգորյանն աշխատել է Հայաստանի առողջապահության նախարարության տարբեր վարչություններում, եղել Հայաստանի առողջապահության նախարարի օգնական, կադրերի վարչության, ապա՝ միջազգային կապերի և մարդասիրական օգնության վարչության պետ. 1989-1991 թվականներին՝ Հայաստանի առողջապահության նախարարի օգնական, 1991 թվականին՝ առողջապահության նախարարության կադրերի և ուսումնական հաստատությունների վարչությունների պետ։ Ավարտել է Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական, այնուհետև՝ դոկտորական ատենախոսություն։ 1994-1998 թվականներին եղել է Հայ բժիշկների միջազգային կոմիտեի վարչության անդամ, երևանյան գրասենյակի ղեկավար։ 1998-2002 թվականներին զբաղեցրել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետ, 2002-2013 թվականներին՝ Հայաստանի առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ։ 2013 թվականից եղել է ՀՀ ԱԺ-ի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդական[1]։ Եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահության կառավարման և տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր, հեղինակ է գիտական մենագրությունների և բազմաթիվ հոդվածների։ Աշխատանքները վերաբերում են Հայաստանում բժշկական օգնության կազմակերպման և ֆինանսավորման վերափոխումների գիտական հիմունքներին՝ նոր տնտեսական հարաբերությունների պայմաններում։ Հեղինակ է «Բուժօգնության կազմակերպման և ֆինանսավորման ժամանակակից մոդելների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում» (2004) ուսումնական ձեռնարկի[1]։
Անդամակցություն Խմբագրել
- Հայաստանի առաջին միջազգային առողջապահական կոնգրեսի նախագահ։
- Գիտական տարբեր խորհուրդների և միջազգային առողջապահական մի շարք կազմակերպությունների անդամ։
Պարգևներ Խմբագրել
- Պողոսյան մրցանակ (Առողջապահության համակարգում տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների՝ «ՄԻԴԱՍ» համակարգ աշխատանքի ներդրման համար, 2002)[2]:
Մահ
Մահացել է 2016 թվականին։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[3]։
Երկեր Խմբագրել
- Առողջապահության համակարգի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում, Երևան, 2001:
- «Բուժօգնության կազմակերպման և ֆինանսավորման ժամանակակից մոդելների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում», 2004[4]:
- Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության կազմակերպման և ֆինանասավորման վերափոխումների գիտական հիմունքները նոր տնտեսական հարաբերությունների պայմաններում (2003)[5]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 575-576։
- ↑ «Արա Տեր-Գրիգորյան»։ boghossianprize.am։ Արխիվացված է օրիգինալից 2022-07-16-ին։ Վերցված է 2019-05-25
- ↑ «Արա Տեր- Գրիգորյանին կհուղարկավորեն քաղաքային պանեթեոնում»։ Հայաստանի Հանրային Ռադիո։ Վերցված է 2019-05-25(չաշխատող հղում)
- ↑ Տեր-Գրիգորյան Արա Աշոտի (2004)։ Բուժօգնության կազմակերպման և ֆինանսավորման ժամանակակից մոդելների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։ Ուս. ձեռնարկ (հայերեն)։ Ա. հ.։ ISBN 9789993042723
- ↑ Տեր-Գրիգորյան Արա Աշոտի (2003-01-24)։ «Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության կազմակերպման և ֆինանասավորման վերափոխումների գիտական հիմունքները նոր տնտեսական հարաբերությունների պայմաններում»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-25-ին։ Վերցված է 2019-05-25