Արատեսի վանք
Արատեսի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։
Արատեսի վանք | |
---|---|
Արատեսի վանական համալիրը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Վայոց ձորի մարզ Հայաստան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Վայոց ձորի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 13-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 13-րդ դար |
Arates monastery Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։
Կառուցվածք
խմբագրելԱրատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։ Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է։ Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ։ Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին)։ Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ։ 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Հասրաթյան, Մուրադ (2002). Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ. էջ 138.
Գրականություն
խմբագրել- Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986
- Ղևոնդ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893
- Երվանդ Լալայան, Վայոց ձորի նշանավոր վանքերը, ԱՀ, գիրք 26, Թ․, 1916
- Դիվան հայ վիմագրության, պրակ 3, Երևան, 1967
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արատեսի վանք» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 690)։ |