Արագածյան ոչխարի ցեղախումբ
Արագածյան ոչխարի ցեղախումբ, մսաբրդատու, կիսանրբագեղմ, ճարպապոչավոր ոչխարների ցեղախումբ։
Ստեղծվել է 1931-1952 թվականներին, Թալինի շրջանի Ալագյազի ոչխարաբուծական տոհմային տնտեսությունում, Ա. Ռուխկյանի ղեկավարությամբ։ Ցեղախմբի ստեղծման համար օգտագործվել են բալբասի և ռամբուլիեի խառեացեղերը։ Կիրառվել է ըետրություն, զույգ ընտրություն և մասամբ ազգակցական բուծում։
Արագածյան ոչխարի ցեղախումբը հարմարված է լեռնային պայմաններին։ Պահպանում է ելակետային ցեղերի կենսաբանական ու տնտեսական դրական հատկանիշները։ Բնորոշվում է ամուր մարմնակազմով և զարգացած պոչով։
Խոյերի միջին կենդանի քաշը 90-120 կգ է, մաքիներինը՝ 56-61, սպանդային ելքը՝ 53-56%: Տոհմային խոյերի բրդատվությունը 4-6 կգ է, մաքիներինը՝ 3-3,5 կգ։ Բուրդը միատարր է, կիսանուրբ, սպիտակ, 50-58 որակի, մաքուր ելքը՝ 63-67%, երկարությունը՝ 10-11 սմ։ Կաթնատվությունը (3 ամսում)՝ 50 կգ։ վաղահաս են, 7 ամսական գառները կշռում են 42-47 կգ։ Արագածյան ցեղախմբի ոչխարները տարածված են հիմնականում Արագածոտնի մարզում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 680)։ |