Ատամների պրոթեզներ

(Վերահղված է Ատամի պրոթեզից)

Ատամների պրոթեզներ, բացակա ատամներին փոխարինող, ինչպես նաև առանձին ատամների պսակների արատները վերացնող հատուկ հարմարանքներ։ Մանկական տարիքում ատամների ոչ ճիշտ դիրքի կամ ծնոտների ոչ ճիշտ կցման դեպքում դեմքի և ծնոտների ձևախախտումները կանխելու և բուժման նպատակով օգտագործում են հատուկ գործիքներ և պրոթեզներ (ձևախախտումների բուժում)։

Ատամների պրոթեզ

Ատամների պրոթեզները պատրաստում են օրգանիզմի համար անվտանգ նյութից (ճենապակի, պլաստմասսա, ազնիվ և ոչ ազնիվ մետաղների համաձուլվածքներ և այլն)՝ յուրաքանչյուր մարդու համար անհատականորեն։ Ատամները պետք է ժամանակին պրոթեզավորել, որովհետև նույնիսկ մի քանի ատամների բացակայության դեպքում սնունդը լիարժեք չի ծամվում, և խանգարվում է ստամոքսի ու աղիքների ֆունկցիան։ Սակայն 1-2 բացակա ծամող ատամների փոխարինումը հաճախ աննպատակահարմար է, ուստի այդ հարցը պետք է որոշի բժիշկը։ Պրոթեզավորումը կատարում է ստոմատոլոգը, իսկ աշխատանքի տեխնիկական մասը՝ ատամնատեխնիկը։

Կառուցվածք խմբագրել

Ըստ կառուցվածքի՝ տարբերում են չհանվող ատամների պրոթեզներ, որոնք ատամնաբուժական ցեմենտով ամրացվում են սեփական ատամներին, և հանովի, որոնք կարելի է հանել բերանի խոռոչից։

Չհանվող պրոթեզներ խմբագրել

Չհանվող ատամների պրոթեզներից են ատամի ներդրուկները, գամատամները (շտիֆտային), արհեստական պսակները և կամրջակային պրոթեզները։ Ատամների ներդրուկները պատրաստում են մետաղե համաձուլվածքներից, պլաստմասսայից կամ ճենապակուց, օգտագործում են հիմնականում առջևի ատամների ձևի վերականգնման, պսակի կոտրվելու կամ ատամի քայքայվելու (ոսկրափուտի հետևանքով) դեպքերում։ Արհեստական պսակները պատրաստում են ոսկուց, տարբեր համաձուլվածքներից, պլաստմասսայից, ճենապակուց կամ համակցում են (մետաղը երեսպատում են պլաստմասսայով կամ ճենապակով)։ Եթե պսակն ամբողջությամբ քայքայված է, իսկ արմատը ենթակա է բուժման, ապա առջևի ատամներին կարելի է գամատամ դնել, որն ամրացվում է ատամի արմատային մասին։ Կամրջակային պրոթեզներ սովորաբար խորհուրդ են տրվում 1-4 ատամների բացակայության դեպքում։ Դրանք բաղկացած են հենարանային ատամներին ամրացվող պսակից և մետաղաձույլ միջանկյալ մասից, իսկ անհրաժեշտության դեպքում արտաքին մակերևույթը պատում են պլաստմասսայով կամ ճենապակով։ Կամրջակային ատամների պրոթեզներ կարելի է դնել միայն չվնասված կամ լավ բուժված ատամներին։

Հանովի պրոթեզներ խմբագրել

 
Ատամնատեխնիկի ոչ ավարտուն պրոթեզի մոդել

Հանովի (թիթեղավոր) ատամների պրոթեզները բաղկացած են լնդին կամ կարծր քիմքին հենված հենարանային թիթեղից, որին ամրանում են արհեստական ատամները։ Այդ պրոթեզները խորհուրդ Են տրվում շատ ատամներ կորցնելու և առողջ հենարանային ատամների բացակայության դեպքերում։ Հանովի պրոթեզները լինում են մասնակի և լրիվ (փոխարինում են ամբողջ ատամնաշարին

Շատ ատամների բացակայության և առողջ հենարանային ատամների առկայության դեպքերում հարմար են աղեղնային ատամների պրոթեզավորումը, երբ հենարանային թիթեղին փոխարինում է մետաղե աղեղը։ Ատամների լրիվ բացակայության դեպքում բերանի խոռոչում պրոթեզի հենարանային թիթեղը, լորձաթաղանթի մակերևույթին հենվելով, ռելիեֆով համընկնում է նրան և թքով թրջվելով՝ կպչում է լորձաթաղանթին։

Հարմարում պրոթեզներին խմբագրել

Մինչև պրոթեզավորելը պետք է անպայման բուժել բերանի խոռոչը (բուժել ոսկրափուտով ատամները, հեռացնել շատ քայքայվածները և ատամների նստվածքները), հետազոտել հենարանային ատամների շուրջարմատային հյուսվածքների վիճակը և այլն։ Ատամների պրոթեզների կառուցվածքը որոշում է ստոմատոլոգը։ Ատամների պրոթեզներին աստիճանաբար են հարմարվում։ Սկզբում խոսքը պարզ չի լինում, սնունդը դժվար է ծամվում, թուլանում է համի զգացողությունը, երբեմն սրտխառնոց է լինում (հատկապես վերին ծնոտի լրիվ հանովի պրոթեզների դեպքում)։ Այդ երևույթները որոշ ժամանակ անց վերանում են։ Եթե պրոթեզը վնասում է լորձաթաղանթը, ապա անպայման պետք է դիմել բժշկի։ Պրոթեզավորելուց հետո մի քանի օր պետք է փափուկ սնունդ օգտագործել։ Ուտելուց հետո, ինչպես նաև գիշերը, հանովի պրոթեզը պետք է ջրով ողողել, պրոթեզի թաղանթը և ատամները մաքրել խոզանակով, օճառով կամ ատամի մածուկով։ Լորձաթաղանթին հարող մակերևույթը սննդի մնացորդից լավ է մաքրվում թաց բամբակով կամ թանզիֆով։ Որպեսզի ատամների պրոթեզները չձևափոխվեն, պետք է խուսափել դրանք տաք ջրով մաքրելուց։ 1-2 տարի օգտագործելուց հետո, ատամների ոչ ճիշտ կցման, ատամների պրոթեզների վատ ամրացման, թույլ ատամնակծվածքի դեպքերում պետք է նորից պրոթեզավորել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։