Ստոծանի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստոծանի, կրծքա-որովայնային միջնորմ, մարդու և կաթնասուն կենդանիների կրծքի խոռոչը որովայնի խոռոչից սահմանազատող մկանաջլային միջնորմ, որը կպած է կրծքավանդակի ստորին բացվածքի շրջեզրերին։ Ստոծանին ապահովում է որովայնային (Ստոծանական) շնչառությունը, ճնշման հավասարեցումը կրծքի և որովայնի խոռոչներում, կարգավորում է երակային արյան հոսքը դեպի աջ նախասիրտ, գազերի տեղաբաշխումը ստամոքսի մուտքային հատվածում ու աղիքներում և այլն։



Մարդու ստոծանի ներհրվելով դեպի կրծքի խոռոչ, առաջացնում է ջլային 2 գմբեթ, որոնց վրա նստում են թոքերը, իսկ դրանց միջև գոյացած ջլային կենտրոնի վրա՝ սիրտը։ Աջ գմբեթը ձախից բարձր է, նրա տակ գտնվում է լյարդը, իսկ ձախ գմբեթի տակ գտնվում են ստամոքսը և փայծաղը։ Ստոծանու դիրքը շատ փոփոխական է՝ կախված շնչառության փուլից, տարիքից, սեռից և մարդու կոնստիտուցիայից։ Խորը շնչառման ժամանակ ստոծանու գմբեթներն իջնում ե 3—4 սմ վար և մեծացնում կրծքավանդակի տարողությունը։ Ըստ կպումների ստոծանին բաժանում են 3 մասի՝ կրծոսկրային, կողային և գոտկային, ընդ որում ամենահաստ և ուժեղ մասը գոտկայինն է։ Վերջինս աջ ու ձախ կողմերում երկուական կոթոնների միջոցով միանում է գոտկային ողերին և 12-րդ կողոսկրերին։ Միջային կոթոնները միանալով իրար, սահմանում են միջլարային Ստոծանի (ներքևից)․
- ջլային կենտրոն,
- ներքին մկանախուրձ,
- կերակրաւիողի անցք,
- աորտայի անցք,
- միջանկյալ մկանախուրձ,
- արտաքին մկանախուրձ,
- կողային մաս,
- կրծոսկրային մաս,
- ստորինսիներակի անցք,
- գոտկային մասի բացվածք, որի միջով անցնում են աորտան և կրծքային ավշածորանը։
Այդ բացվածքից մի փոքր վեր (կրծքային 9-րդ ողնի բարձրության վրա) գտնվում է կերակրափողային բացվածքը։ Ստոծանու կողային և գոտկային մասերի միջև կա եռանկյունաձև շրջան, ուր մկանաթելերի բացակայության պատճառով Ս․ շատ բարակ է և ստոծանիական ճողվածքների պատճառ կարող է դառնալ, այսինքն՝ աղիքները, երբեմն նաև ստամոքսի որոշ մասը, կարող են ներհրվել կրծքի խոռոչի մեջ։ Ավելի սակավ հանդիպում են նաև բնածին արատներ կամ բացվածքների անկանոնություններ, որոնք նույնպես պատճառ են դառնում նածին ճողվածքների։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոծանի» հոդվածին։ |