Աստրախանի հայոց դատաստանագիրք
«Աստրախանի հայոց դատաստանագիրք», ֆեոդալական հայ իրավունքի օրենսգիրք, որով կարգավորվում էին հարավային Ռուսաստանի հայ գաղութների (Աստրախան, Նոր Նախիջևան, Մոզդոկ, Ղզլար) բնակչության իրավահարաբերությունները։ Ռուսաստանի Սենատը 1746 թվականի սեպտեմբերի 17-ին ընդունեց հայերի և մյուս օտարերկրացիների տնտեսական, իրավական ու կրոնական դրությունը որոշող հրամանագիր։ Դրա հիման վրա հայերը ստեղծեցին իրենց սեփական դատարանը (Ռատհաուզ), որից հետո դատաստանագիրք ունենալը դարձավ խիստ անհրաժեշտություն։ «Աստրախանի հայոց դատաստանագիրք»-ի ստեղծման աշխատանքները սկսվեցին 1747-1748 թվականներին, բայց վերջնականապես ավարտվեցին 1765 թվականին։ Կազմողներն էին Եղիազար Գրիգորյանը, Գրիգոր դի Սաֆար Կամպանյանը և Օհանի որդի Սարգիսը՝ ժամանակի կրթված և առաջավոր գաղափարների տեր անձնավորություններ։ Դատաստանագիրքը բաղկացած էր 3 բաժնից՝ դատարանակազմություն և դատավարություն, քրեական իրավունք, քաղաքացիական իրավունք, 52 գլխից՝ 1135 հոդվածով։ Աղբյուրներ են ծառայել հայ սովորութական իրավունքի նորմերը, Մխիթար Գոշի Դատաստանագիրքը, Ռուսական կայսրության 1649 թվականի օրենքների ժողովածուն, հունա-հռոմեական օրենքները։ Դատաստանագրքով կարգավորվում էին քրեական, քաղաքացիական և ամուսնա-ընտանեկան իրավահարաբերությունները։ Մեծ թիվ էին կազմում պարտավորական իրավունքի, հատկապես՝ գրավի և առուծախի վերաբերյալ նորմերը։ Դատաստանագրքի հոդվածներից երևում է, որ հայկական դատարանին է վերապահված եղել բնակչության վրա հարկերը բաշխելու և ժողովելու գործը։ Ըստ դատաստանագրքի, դատարանը կատարել է ֆինանսական մարմնի և ոստիկանատան դեր։ Սահմանել է ծառաների իրավական դրությունը, նրանց գնելու և վաճառելու, ծառաների ու տերերի միջև եղած հարաբերությունները և այլն։ Դատաստանագրքում նշված են պետական, տնտեսական, անձի կյանքի, առողջության, ազատության և արժանապատվության դեմ ուղղված ու այլ բնույթի հանցագործություններ։ «Աստրախանի հայոց դատաստանագիրք» ունեցել է ընդգծված դասակարգային բովանդակություն. նույն հանցանքի համար տարբեր պատիժ էր նախատեսվում ազատ քաղաքացու և ծառայի նկատմամբ։ Պատժատեսակներից էին՝ մահապատիժը, անդամահատումը, բանտարկությունը, աքսորը, ծեծը, տուգանքը և այլն։ Դատաստանագիրքը վկայում է, որ Ռուսաստանի Հայ գաղութների բնակչությունը եղել է համեմատաբար բարվոք վիճակում, քան հայերը Թուրքիայում և Իրանում։ Միաժամանակ դատաստանագիրքը հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել Ռուսաստանի հայ գաղութների պատմությունը, համայնքի ներքին կյանքը, սոցիալ-տնտեսական վիճակը և դրանցից բխող իրավական փոխհարաբերությունները։
Աստրախանի հայոց դատաստանագիրք | |
---|---|
Տեսակ | դատաստանագիրք |
Ժանր | հայ իրավունքի օրենսգիրք |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 594)։ |