Բացել գլխավոր ցանկը
Բյուրականի աստղադիտարանը

Հայկական աստղագիտություն, ըստ պատմական ու հնագիտական տվյալների՝ մ. թ. ա I հազարամյակի կեսերից Հայկական լեռնաշխարհում օգտվել են լուսնային, ապա՝ արեգակնային օրացույցից։ Դեռ վաղ միջնադարում հայերեն են թարգմանվել հույն գիտնականների աստղագիտական բնույթի աշխատություններ, իսկ մոլորակների հայկական անվանումները (Փայլածու, Լուսաստղ կամ Լուսաբեր, Հրատ, Լուսնթագ, Երևակ) գրեթե ճշգրտորեն համընկնում են դրանց հին հունական (մինչև մ. թ. ա. VI-IV դարերում գործածված) իմաստային անվանումներին։

Աստղագիտության ձևավորումը ՀայաստանումԽմբագրել

Աստղագիտությունը՝ որպես գիտություն, Հայաստանում ձևավորվել է VII դարերում՝ Անանիա Շիրակացու տիեգերագիտական ու տոմարագիտական աշխատություններով։ Շիրակացին ընդունել է Երկրի գնդաձևությունը, ճիշտ բացատրել Արեգակի և Լուսնի խավարումները, Ծիր կաթինին վերագրել է աստղային բնույթ։ Աստղագիտության և տոմարագիտության հարցերը XI դարերում լրջորեն քննարկել է Հովհաննես Սարկավագը «Պատճեն տոմարի» աշխատության մեջ, որտեղ տվել է տոմարագիտության հարցերի լրիվ շարադրանքը և հայկական օրացույցը համեմատել այլ ժողովուրդների օրացույցների հետ։ Միջին դարերում Հայաստանի վանական բարձրագույն դպրոցներում (Գլաձոր, Տաթև) դասավանդվել են «Տիեզերագիտություն» և «Տոմարագիտություն» առարկաները։

Մխիթարյանների ներդրումըԽմբագրել

 
Մխիթար Սեբաստացին

Աստղագիտական գիտելիքների տարածման գործում զգալի ներդրում են ունեցել Սուրբ Ղազար կղզու (Գենետիկ) Մխիթարյան միաբանության հրատները։ Մասնավորապես, Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկագեան լեզուի» (1749) գրքում, որպես ներդիր, զետեղվել է «Աստղալից երկինք» հայկական առաջին աստղագիտական տպագիր քարտեզը։ XIX դարի կեսերին Սուրբ Ղազարում Մխիթարյանները հիմնադրել են աստղադիտարան, որտեղ 17 սմ տրամագծով աստղադիտակով կատարվել են դիտումներ։ Այդ դիտումների և դրանց հետազոտությունների արդյունքները, նաև աստղագիտական բնույթի այլ հոդվածներ տեղ են գտել Մխիթարյանների՝ 1843 թ.-ից հրատարակվող Բազմավեպ հանդեսում։

Աստղադիտարանների ստեղծումԽմբագրել

Հատկապես ուշագրավ են Կենդանակերպի լույսի, երկնային մարմինների շրջապտույտի և աստղերի առկայծումների վերաբերյալ Խորեն Սինանյանի աշխատանքները։ 1894 թ.-ին նա հայտնաբերել է Յուպիտերի 6-րդ արբանյակը, սակայն Վատիկանի աստղադիտարանի հանձնաժողովն այդ փաստը չի հաստատել և չի գրանցել նրա անունով։ Մխիթարյանների աստղագիտական բնույթի աշխատանքներից է նաև Հ. Բարսեղյաևի «Գիսատրք» աշխատությունը, որտեղ, հայտնի պատկերացումներից բացի, շարադրված են արևաբծերի և գիսավորների սեփական դիտումների արդյունքները։ XX դարի հայկական առաջին աստղագիտական հիմնարկը՝ Երևանի աստղադիտարանը, սկսել է գործել 1933 թ.-ին՝ ԵՊՀ-ին կից։ Այնտեղ տեղադրված 22 սմ տրամագծով աստղադիտակով իրականացրել են ուղղակի և լուսանկարչական դիտումներ, զբաղվել փոփոխ, աստղերի, Արեգակի ակտիվության և այլ հարցերով։ ՀԽՍՀ ԳԱ հիմնադրումից (1943) հետո ԵՊՀ-ում բացվել է աստղաֆիզիկայի ամբիոն (1945), այնուհետև ստեղծվել է ԳԱ Բյուրականի աստղադիտարանը (1946)։ Առաջին դիտումները Բյուրականում կատարվել են բաց երկնքի տակ տեղակայված փոքր աստղադիտակներով, իսկ արդյունքները մշակվել են Երևանի աստղադիտարանում։ Բյուրականի աստղադիտարանի պաշտոն, բացումը տեղի է ունեցել 1956-ին, և հետազոտ, աշխատանքները շարունակվել են Բյուրականում։ Աստղադիտարանում տեղակայված առաջին, շատ համեստ չափերի աստղադիտակները (Շմիդտի՝ 20 սմ, և Կասեգրենի 40 սմ տրամագծերով դիտակներ, 12 սմ տրամագծով աստղագրիչ) օգտագործվել են աստղասփյուռների, փոփոխ, աստղերի և այլ օբյեկտների հետազոտման համար։ 1954 թ.-ին շահագործման է հանձնվել 53 սմ տրամագծով Շմիդտի դասի դիտակը, իսկ 1960 թ.-ին՝ նույն դասի 1 մ տրամագծով մուտքի բացվածքով և նույն չափի օբյեկտիվ 3 պրիզմաներով աստղադիտակը (խոշորագույններից է աշխարհում)։ Այդ դիտակների շնորհիվ Բյուրականի աստղադիտարանը ԽՍՀՄ-ում առաջինն է սկսել այլ գալակտիկաների զանգվածային դիտումները։ 1976 թ.-ին Բյուրականում սկսել է գործել Եվրոպայում խոշորագույն՝ 2,6 մ տրամագծով դասական աստղադիտակը, որը հնարավորություն է տվել կատարելու առանձին աստղերի և գալակտիկաների լուսաչափ, և սպեկտրային մանրամասն հետազոտություններ։ Աշխատանքների առաջին շարքը Գալակտիկայում կլանող նյութի բաշխման ու ֆիզիկական հատկությունների ուս ումնասիրությունն էր։ Հատկապես կարևոր էր Ծիր կաթինի պայծառության ֆլուկտուացիաների տեսության ստեղծումը միջաստղային կլանող նյութի ամպաձև կառուցվածքի պատկերացման հիման վրա (Վիկտոր Համբարձումյան), որով հնարավոր եղավ որոշել կլանող ամպերի միջին բնութագրերը (չափեր, կլանման ունակություն, տարած, խտություն)։ Այդ ուսումնասիրությունը հնարավորություն է տվել ճշգրտելու Գալակտիկայի կառուցվածքն ու տարբեր դասերի աստղերի տարած, բաշխումը և դարձել է աստղասփյուռների հայտնադործման ելակետ (Վ. Համբարձումյան)։ Աստղասփյուռների հայտնադործումն ու դրանց էվոլյուցիոն բնույթի բացահայտումը հեղաշրջել են աստղառաջացման պատկերացումները և կանխորոշել աստղադիտարանի հետագա գիտական ուսումնասիրությունների ուղղությունները։ Եզրակացություններից առաջինը՝ այն, որ անկայունության դրսևորումները չափազանց կարևոր են տիեզերական մարմինների էվոլյուցիայի հարցերում, դարձել է Բյուրականի աստղադիտարանի գիտական հավատամքը և հնարավորություն է տվել ստանալու կարևոր գիտական արդյունքներ։ Մյուս կարևոր եզրակացությունն այն է, որ աստղասփյուռների անդամ աստղերի տարիքը չի կարող գերազանցել 107 տարին, որը մոտ 1000 անգամ փոքր է Գալակտիկայի աստղերի մեծամասնության (օրինակ՝ Արեգակի) տարիքից։ Այդ եզրակացությունը հետևում է աստղասփյուռների դինամիկ անկայունության տեսական հետազոտության արդյունքներից, որն ապացուցվել է դրանց ընդարձակման դիտող, տվյալներով (Բենիամին Մարգարյան, Լյուդվիգ Միրզոյան

Աստղասփյուռների կառուցվածքային առանձնահատկությունների հետազոտմամբ հայտնաբերվել է նաև Օրիոնի սեղանակերպ բագմաստղերի նոր դաս, որոնք անկայունությամբ գերազանցում են մայր աստղասփյուռին և քայքայվում 106 տարում (Վիկտոր Համբարձումյան)։ Այս արդյունքներն առաջին վկայություններն էին այն բանի, որ Գալակտիկայում աստղառաջացումը շարունակվում է նաև մեր ժամանակներում և կրում է խմբային բնույթ։ Փաստորեն Տիեզերքի ցանկացած վերջավոր ծավալում (օր.՝ Գալակտիկայում) գոյություն ունեն մինչև տվյալ ծավալի համար առավելագույն սահմանային տարիքն ունեցող բոլոր տարիքի աստղեր։ Սեղանակերպ կառուցվածքներ են հայտնաբերվել ոչ միայն աստղային բնակչության, այլև մութ գլոբուլների շրջանում։ Հայտնաբերված հարյուրավոր գլոբուլային համակարգերը նույնպես դինամիկ անկայուն են (Արմեն Գյուլբուդաղյան

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Արեգ Միքայելյան - «Հայաստանի աստղագիտական ժառանգությունը», Գիտության աշխարհում, 2012 - 3, 58-64
  • Ա․ Վիկուլինա - «Հայկական Սթոունհենջ», Գիտության աշխարհում, 2011 - 4, 40-41
  • Արեգ Միքայելյան - «Համաստեղությունների հայկական անվանումների մասին», Գիտություն և Տեխնիկա, 1989 - 7, 49-54
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։