Առոգանության արվեստ, գեղարվեստական խոսքի եղանակավոր և իմաստավորված արտասանություն (ոգումն, առովասություն, առասացություն, առերգություն և ասերգություն)։

Ինչպես մյուս ժողովուրդների, այնպես էլ հայերի առոգանության արվեստը ծագումով կապված է ժողովրդական բանահյուսությանը։

Զարգացման որոշակի աստիճանի է հասել հեթանոսական Հայաստանում՝ գուսան-վիպասանների երգերում, հելլենիստ թատրոններում՝ եղանակավոր արտասանություններում, քրմերի ու քրմուհիների պաշտամունքային ասերգերում։

5-րդ դարից հայ իրականության մեջ ծաղկել է ազգայաին եկեղեցական թվերգը, որտեղ յուրովի է դրսևորվել առոգանության արվեստը։ Միջին դարերում մշակվել է նաև եկեղեցական առոգանության գրավոր նշանների համակարգ (Խազեր), որը հիմնականում օգտագործվել է մարգարեական գրքերում ու Ավետարաններում։ Հիմնական նշաններն են՝գլխավոր քերական-երաժշտական կրկնակի նշանակության «միջակետ» (.), «ստորակետ» (,), «բութ» (՝) ու «վերջակետ» (։)՝ նաև որպես երաժշտական տրոհության նշաններ, «շեշտ» (՛) ու «պարոյկ» կամ «հարցուկ» (՞)՝ նաև որպես շեշտադրության նշաններ, «սուղ» (°) ու «երկար» (՜)՝ նաև որպես հատուկ տևողության նշաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։