Առհաշիվ տրված գումար, գործուղման կամ կազմակերպության անունից վճարումներ կատարելու նպատակով հաշվետու անձանց տրված գումար։

Հաշվետու անձը կազմակերպության աշխատակից է կամ կառավարման մարմիններում ներգրավված անձ[1]։

Հաշվառում

խմբագրել

Առհաշիվ տրված գումարները հաշվառվում են 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» ակտիվային հաշվով։ Հաշվի դեբետում արտացոլվում են առհաշիվ տրված գումարների գծով դեբիտորական պարտքերը, իսկ կրեդիտում` հաշվետու անձանց կողմից ծախսված գումարները, ինչպես նաև այդ պարտքերի հետ վերադարձումը։ Հաշվի դեբետային մնացորդը ցույց է տալիս կազմակերպության աշխատակիցների գծով գոյացած դեբիտորական պարտքը։

Սահմանափակումներ

խմբագրել

Առհաշիվ գումարներ տրվում են կազմակերպության կողմից լիազորված անձանց դրամարկղից ելքի օրդերների հիման վրա։ Տրամադրվող գումարների մեծությունը պայմանավորված է կատարվելիք ծախսերի չափով։ Աշխատողները ծառայողական գործուղման մեկնում են գործատուի կողմից տրված հրամանի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը, կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները։ Հրամանի հիման վրա տրվում է գործուղման վկայական, որը ստորագրվում և կնքվում է կազմակերպության ղեկավարի կողմից։ Աշխատողի գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածը գրանցվում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում։ Գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում տրված վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի հետ կապված ծախսերը, կապի և հեռահաղորդակցության ծախսերը։ Գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ։ Գործուղումից վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, կանխիկ վճարված գումարի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը։

Միևնույն անձին առհաշիվ գումար չի կարող տրվել, եթե նրա կողմից նախկինում ստացված առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունը կազմակերպությունում այդ հաշվետվությունների ընդունման համար պատասխանատուին դեռևս չի ներկայացվել, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվության ներկայացման ժամկետը չի լրացել։

ՀՀ գործող օրենսդրությամբ՝ կազմակերպությունների կողմից գործուղման, ինչպես նաև գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ սահմանվում են հետևյալ ժամկետային սահմանափակումները`

  • գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված կանխիկ դրամը հաշվետու անձի կողմից պետք է ծախսվի ըստ նպատակի կամ վերադարձվի կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ կանխիկ դրամը հաշվետու անձին տրամադրելուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը լրանալու պահին աշխատակցի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու դեպքում՝ աշխատանքի վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում,
  • գործուղման նպատակով տրված կանխիկ դրամի ըստ նպատակի չծախսված մասը կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ պետք է վերադարձվի գործուղման ավարտից հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը լրանալու պահին աշխատակցի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու դեպքում՝ աշխատանքի վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում։

Առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները չեն տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երկուսը։

Օրինակներ

խմբագրել

N1

Կազմակերպության մարքեթինգի բաժնի աշխատակիցը մեկնել է գործուղման և այդ նպատակով դրամարկղից ստացել 500.000 դրամ։

Գործուղումից վերադառնալուց հետո, աշխատակիցը հաշվապահություն է ներկայացրել հաշվետվություն կատարած 400.000 փաստացի ծախսերի վերաբերյալ, որին կցվել են օդանավի տոմսերը, հյուրանոցային վճարների անդորրագրերը, ներկայացուցչական ծախսերն ապացուցող կտրոնները։ Գործուղման նպատակով չծախսված 100.000 դրամ գումարի մնացորդը Պետրոսյանը հետ է վերադարձրել դրամարկղ։

Գործուղման համար առհաշիվ գումարների տրամադրման և օգտագործման գործառնությունները հաշվառման մեջ արտացոլվում են հետևյալ ձևակերպումներով.

  • դրամարկղից գումարը վճարելիս՝
  1. Դտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 500.000 դրամ
  2. Կտ 251 «Դրամարկղ» 500.000 դրամ
  • առհաշիվ տրված գումարները ծախսագրելիս՝
  1. Դտ 713 «Վարչական ծախսեր» 400.000 դրամ
  2. Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 400.000 դրամ
  • առհաշիվ տրված գումարների չօգտագործված մնացորդը հետ վերադարձնելիս՝
  1. Դտ 251 «Դրամարկղ» 100.000 դրամ
  2. Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 100.000 դրամ

N2

Մարիամ ՍՊԸ-ի ապրանքագետը ընկերության դրամարկղից ստացել է 150.000 դրամ գումար, որպեսզի ձեռք բերի տարբեր ակտիվներ։

Հաշվետու անձի կողմից ներկայացված հաշվետվության և առհաշիվ գումարների ծախսումը հավաստող փաստաթղթերի համաձայն՝ ձեռք է բերվել 120.000 դրամ գումարի բենզին և 23.000 դրամի գրենական պիտույքներ։ Հաշվետու անձը առհաշիվ ստացած և ծախսած գումարների տարբերությունը՝ 7.000 դրամ, վերադարձնում է դրամարկղ։

Տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

  • հաշվետու անձի կողմից կանխիկ դրամի ստացում՝
  1. Դտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 150.000 դրամ
  2. Կտ 251 «Դրամարկղ» 150.000 դրամ
  • բենզինի մուտքագրում՝
  1. Դտ 211 «Նյութեր» 120.000 դրամ
  2. Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գումարների գծով» 120.000 դրամ
  • գրենական պիտույքների մուտքագրում`
  1. Դտ 211 «Նյութեր» 23.000 դրամ
  2. Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գումարների գծով» 23.000 դրամ
  • հաշվետու անձի կողմից գնումների դիմաց վճարում`
  1. Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գումարների գծով» 143.000 դրամ
  2. Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 143.000 դրամ
  • հաշվետու անձի կողմից ստացված կանխիկ դրամի չծախսված մասի մուտքագրում դրամարկղ`
  1. Դտ 251 «Դրամարկղ» 7.000 դրամ
  2. Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 7.000 դրամ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թաթուլ Մովսիսյան «Հաշվապահական հաշվառում» (2-րդ լրամշակված հրատարակություն)/-Եր., «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ, 2020, 552 էջ.