Աշոտ պատրիկ Բագրատունի (- 689), Դարոյնքի իշխան, 685 թվականից՝ Հայոց կառավարիչ։ Ծննդյան թվականն անհայտ։ Մահացել է 689 թվականին։ Հայոց կառավարչի պաշտոնը ստանձնել է 685 թվականին[1][2]։

Աշոտ պատրիկ Բագրատունի
Մահացել է689
Ազգությունհայ
Մասնագիտություննախարար

Պաշտոնավարման սկիզբը

խմբագրել

Մեծ Հայքի կառավարչի պաշտոնում հաջորդել է Գրիգոր Մամիկոնյանին, որից հետո Հայոց զորքերի սպարապետ է նշանակել իր եղբայր Սմբատին։ Նրա առաջին գործը եղել է հաշտություն կնքելը արաբների հետ, որոնք իրենց տիրապետությունն էին հաստատել տարածաշրջանում։ Խաղաղության պայմաններում երկրի ներսում ծավալում է շինարարական մեծ գործունեություն։ Այս ընթացքում է կառուցվել նաև Դարույնքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որի բացման առթիվ էլ հեղինակել է «Զորս ըստ պատկերի Քում ստեղծէր» շարականը՝ նվիրված Խաչվերաց տոնին։ Տարբեր ավանդություններով, եկեղեցու բացման արարողությանը շարականը հնչել է կամ երգչախմբի կատարմամբ, կամ՝ հենց Աշոտ Պատրիկի։ Սա աշխարհական մարդու կողմից գրված առաջին շարականն էր, որ ընդունել է եկեղեցին։

Զորս ըստ պատկերի Քում ստեղծեր,
Նորոգելով Քեզ տաճարացուցեր,
Զնորոգեալս ի մէնջ զտաճարս
Ընկալ Քեզ ի բնակութիւն։

Որ շնորհես մեզ, կենաց տուող,
Զկենդանագիր քոյ ծառայական կերպի
Բերելով զբոլորից զվերաբերողդ
Ի փառս Սուրբ Երրորդութեանդ։

Արաբական ասպատակությունները և Աշոտ Պատրիկի մահը

խմբագրել

Սակայն այս խաղաղությունը շատ կարճ տևեց։ Մեկ տարի էր, ինչ Աշոտ պատրիկ Բագրատունին ստանձնել էր Հայոց կառավարչի պաշտոնը, որ Մեծ Հայքի վրա հարձակվեցին բյուզանդական զորքերը, ինչի պատճառով Պատրիկի ուշադրությունն ու ջանքերը շինարարության ասպարեզից փոխադրվեցին մարտի դաշտ։ 689 թվականինին Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Բ-ն նվաճեց Հայքը, բայց պահպանեց Աշոտ Բագրատունու իշխանությունը և պատրիկական իրավունքները։ Դեռ շունչ չքաշած, նույն թվականին երկիրն այս անգամ էլ ասպատակեցին արաբական զորքերը։ Այս իրադարձությունների մասին տեղեկություններ է հաղորդում 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը։ Նա գրում է, որ արաբներն անօրենություններ էին գործում Նախիջևանի բնակավայրերից Խրամում, Խոշակունիքում և Ջուղայում։ Պատմիչը հաղորդում է, որ տղամարդկանց խոշտանգում էին հարկապահանջությամբ, «իսկ կանանց զազրելի պղծությամբ կամենում էին խայտառակել, ըստ իրենց անօրենության»։ Տեղեկանալով այս մասին, Աշոտ Պատրիկը հրամայում է իր զորքերին անհապաղ ելնել արաբների դեմ։ Պատրիկի գլխավորությամբ հայոց զորքերը հասնելով Նախիջևան, կոտորում են արաբ հրոսակներին, մի փոքր մասին էլ փախուստի մատնելով։ Արաբ զորավարը հրամայում է իրենց ձեռք բերած ավարի գանձերը շաղ տալ մարտի դաշտում՝ հայոց զորքի առջև։ Հայ զինվորներից շատերն անխոհեմաբար կուլ տվեցին խայծը և սկսեցին հավաքել թանկարժեք իրերը՝ թուլացնելով արաբների հետապնդումը։ Սակայն Աշոտ Պատրիկը, փոքրաթիվ զինվորներով, բավականին առաջ էր անցել՝ հալածելով արաբներին և հեռանալով իր զորքերից։ Դա նկատելով, արաբները հանկարծ ետ են դառնում և հարձակվում նրանց վրա՝ ծանր վիրավորելով Աշոտին։ Ետ մնացածները լսելով Աշոտի հետ եղողների ճիչերը, թողնում են ավարը և նետվում օգնության, կոտորում մնացած արաբներին և վերցնելով Աշոտ Պատրիկին, տանում Կոգովիտ գավառ, որտեղ գտնվում էր Դարույնք բերդը։ Մի քանի օր տանջվելով մահվան մահճում, Աշոտ Պատրիկը վախճանվում է և թաղվում Դարույնքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Տեր-Ղեւոնդյան, Արամ (1982). Պատմություն, Ղևոնդ (Երէց). Սովետական Գրող. էջեր 27–28.
  2. Արևելցի, Վարդան (2001). Տիեզերական պատմություն. Երևան. էջ 109.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել

https://www.youtube.com/watch?v=ELu2_Msb9Sw