«Անտունի», մեներգ, Կոմիտասի ստեղծագործությունը, հայ դասական երաժշտության անկրկնելի երկերից մեկը՝ դաշնամուրի նվագակցությամբ։


Խոսքեր

Սիրտս նման է էն փլած տներ,

Կոտրեր գերաններ, խախտեր է սներ,

Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր։

Երթամ՝ ձի թալեմ էն ելման գետեր,

Ըլնիմ ձկներու ձագերացն կեր։

                Ա՜յ, տո լա՛ճ տնավեր։


Սև ծով մը եմ տեսե, սիպտակն էր բոլոր,

Ալին կզարներ, չէր խառնի հիրոր։

Էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկթավոր,

Անտունի սիրտն է պղտոր ու մոլոր։

Ա՜խ, իսկի մի՛ լնիք սրտիկ սևավոր։

                Ա՜յ, տո լա՛ճ տնավեր։

Բովանդակություն

խմբագրել

Հիմքում տնազուրկ պանդուխտի ծանր հոգեվիճակն արտահայտող գեղջկական երգ է, որն իր բանաստեղծական և երաժշտական խոր բովանդակությամբ ընդհանրացնում է հայ ժողովրդական երգերի՝ պանդխտության երգերի ժանրի լավագույն հատկանիշները։

Ստեղծման պատմություն

խմբագրել

«Անտունի»-ի տեքստն «Ռշտունցիների երգ» վերնագրով առաջին անգամ գրառել և տպագրել է Գարեգին Սրվանձտյանը՝ 1876 թվականին «Մանանա»-ում։ Այս և ժողովրդական այլ տարբերակների հիման վրա, Կոմիտասի և Մանուկ Աբեղյանի լրացումով ու խմբագրումով, 1903 թվականին լույս է տեսել Վաղարշապատում`«Հազար ու մի խաղ» երգարանում։ Մեղեդին, որը հայտնաբերել և մշակել է Կոմիտասը (հրտարակություն՝ 1907, Փարիզ, «Հայ քնար» հավաքածու), հայ երաժշտական ազգագրության բացառիկ արժեքավոր նմուշներից է։

«Անտունին», որը դրամատիկական, ողբերգական երգ-մենախոսություն է, իր մեջ խտացնում է Կոմիտասի արվեստի, մասնավորապես՝ ինքնատիպ ներդաշնակության և դաշնամուրային շարադրաձևի կարևորագույն հատկանիշները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։